Ադրբեջանցիները Սյունիքում գողացել են բնակչի մեքենան ու չեն վերադարձնում
Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցու «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։
Մեքենայի վառելիքը վերջացել է այն ժամանակ, երբ վերջինս շփոթմամբ անցել է ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածք։
«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ։ Տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։
Վերադառնալիս շփոթվել է և պատահական Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատված։ Ճանապարհի հետ կապված այդ տարածքում նշումներ չկան։ Հետո հասկացել է ու մեր տարածք է փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է»,– պատմել է Շադունցը։
Արցախցին մեքենան թողել է թշնամու կողմից օկուպացված տարածքում, շտապել Տեղ համայնք՝ վառելիք գտնելու նպատակով։
Վերադառնալով բնակիչը նկատել է, որ այն տեղում չի եղել` ադրբեջանցիները տարել էին։
««ՈՒԱԶ»-ը բուքսիրով են տարել՝ կամազի հետևից կապել են, քարշ տվել, տարել»,- ասաց Շադունցը
Դեպքի մասին տեղյակ են պահել ինչպես խաղաղապահներին, այնպես էլ սահմանապահ զորքերին։ Թշնամու սադրանքի մասին զեկուցել են նաև Արցախում գտնվող խաղաղապահ զորքերին, սակայն մեքենան բնակչին դեռևս չի վերադարձվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին