«Արևմուտք 2021» ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները վախեցնում են Եվրոպային
Բալթյան երկրներն ու Լեհաստանը մտահոգված են իրենց սահմանների մոտ «Արևմուտք 2021» ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների անցկացմամբ: Նրանք կարծում են, որ որոշակի գործողություններ կարող են սպառնալ իրենց ինքնիշխանությանը: Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ նախօրեին Ռիգայում տեղի է ունեցել Լեհաստանի և Բալթյան երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպումը: Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Զբիգնև Ռաուն նշել է, որ աշխարհագրական դիրքի և ընդհանուր պատմության պատճառով Լեհաստանը և Բալթյան երկրները միանման են գնահատում միջազգային իրավիճակը:
«Մենք ուշադիր հետևում ենք «Արևմուտք» զորավարժություններին: Չնայած ցանկացած երկիր իրավունք ունի զորավարժություններ անցկացնել, սահմանափակ թափանցիկությունը, զորավարժությունների ավելի լայն համատեքստը և դրան ուղեկցող հիբրիդային գործողությունները մտահոգում են մեզ»,-ասել է Ռաուն։
Բելառուսին սահմանակից երկրները նույնպես տագնապած են միգրանտների հետ կապված իրավիճակից: Նրանց կարծիքով, Մինսկն այն օգտագործում է որպես եվրոպական հարևանների վրա ճնշման լծակ:
Այս առումով ԵՄ երկրներն առաջարկում են կենտրոնանալ արտաքին սահմանների անվտանգության և անօրինական միգրացիայի կանխման վրա, այլ ոչ թե դրա անվերահսկելի հոսքերի հետևանքների վերացման վրա:
Լեհաստանն ու Լիտվան անօրինական միգրանտների հոսքը դադարեցնելու համար իրենց սահմաններին փշալարեր են տեղադրել:
Նշենք, որ «Արևմուտք-2021» վարժանքները մեկնարկել են սեպտեմբերի 13-ին և կանցկացվեն մինչև սեպտեմբերի 16-ը Ռուսաստանի 9 մարզադաշտերում, Բալթիկ ծովում, ինչպես նաև բելառուսական հինգ պոլիգոններում: Զորավարժություններին կմասնակցի մինչև 200 հազար զինվոր:
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները Բելառուսի «Օբուզ Լեսնովսկ» զորավարժադաշտում դիտորդի կարգավիճակով ևս կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Արևմուտք -2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում