ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7.25 տոկոս
Սեպտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%:
ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, 2021թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջին կազմել է 8.8%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը օգոստոսին ևս պահպանվել է 8.0%-ի շրջակայքում։
2021 թվականի երրորդ եռամսյակում, չնայած աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման գործընթացի որոշակի դանդաղմանը և բազմաթիվ երկրներում համավարակի նոր բռնկումներին, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով աճը:
Ստեղծված իրավիճակում, մի շարք առաջարկի և պահանջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը պահպանվում է, ինչպես նաև գործընկեր երկրներում գնաճն ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր հետագծով։ Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն:
2021թ-ի ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները գնահատվում են սպասվածից ավելի դրական՝ պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճերով։ Համախառն պահանջարկը ևս աճում է սպասվածից փոքր-ինչ արագ տեմպերով, որին շարունակում են մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման բարձր աճը, արտերկրից դրամական փոխանցումների՝ սպասվածից մեծ ծավալները և արտաքին պահանջարկի դրական միջավայրը, մինչդեռ մասնավոր ներդրումների աճը պահպանվում է համեմատաբար զսպված: Նման պայմաններում ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ մասնավոր սպառման՝ արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ առաջանցիկ աճը ներկայումս նպաստում է ներքին գնաճային միջավայրի ընդլայնմանը:
Վերջին ամիսներին գնաճի կարճաժամկետ արագացումը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենային ապրանքների գների աճով, իսկ բնականոն գնաճը ձևավորվել է սպասվածից ավելի ցածր մակարդակում: Մյուս կողմից, թե՛ արտաքին հատվածից և թե՛ ներքին տնտեսությունից շարունակում են պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություններ, ուստի ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը:
Միևնույն ժամանակ, Խորհուրդը գնահատում է, որ վերջին շրջանում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման և միջնաժամկետում գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ: Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև 2022թ-ին կմոտենա նպատակային 4% ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան