Այդ օրը դու դարձար ևս մեկը․ Հովիկ Չարխչյան
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը գրում է․
««Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն…»:
Մամուլից
… Ես այնպես հստակ տեսնում եմ քո լքված մարմինը՝ մի ինչ-որ զառիթափի մոտ, տերևաթափ թփուտներից այն կողմ, խանդակի մեջ ընկած: Վերջին ակնթարթի մեջ դու ինքդ էլ չես գիտակցել, թե ինչ է կատարվել, պարզապես աշխարհն անէացել է, իջել է անթափանց մի խավար ու քո խոցված մարմինն ընկղմվել այդ խավարի մեջ…
Հետո գլորվել են ժամեր, օրեր, ամիսներ, բայց այդպես էլ ոչ ոք չի եկել քո մոտ, չի լսել քո պապանձված շութերի ճիչը. «Ես այստեղ մնալ չեմ ուզում…», չի բռնել գետնատարած քո ձեռքերից ու չի սեղմել քո արնագույն սիրտը: Միակ մտերիմդ հողն է եղել: Հողը քեզ մոտիկ է եղել և դու չես իմացել այն, ինչ մենք իմացանք: Հողը քեզ չի լքել ու դու սիրել ես հավատարիմ հողին: Դու այնքան ես սիրել հողը, որ երազել ես ինքդ էլ նմանվել նրան: Եվ այդպես իրար փարված երկար լռել ու ննջել եք դու և հողը, մինչև որ անցել է մի աշունը ու եկել է հաջորդը:
… Նրանք տեսան քո աճյունն այնտեղ՝ զառիթափի մոտ, խանդակի մեջ: Այդ օրը դու դարձար ևս մեկը: Սա պիտի որ քեզ մխիթարեր, քանի որ մինչ այդ դու չկայիր (դա հիմա այնքան բնական է՝ չիմանալ, թե որտեղ է նա, ով այլևս չկա): Հետո քեզ կբերեն ապրողների մոտ: Իսկ մինչ այդ, երբ նրանք վերցրեցին քո հողեղեն մարմինն ու տարան դեպի վեր, հոգիդ մի վերջին անգամ հայացք նետեց այն հողակտորին, որտեղ ընկած էիր եղել ամիսներ շարունակ: Ու մի վերջին անգամ քո թափառուն հոգին գուցե մտածեց, որ հողն այդ մնաց մենակ…»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին