Տիգրան Աբրահամյան. Գործող իշխանությունը որպես հակամարտության կարգավորման հիմք վերցնում է Մադրիդյան փաստաթուղթը
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը մեջբերում արեց կառավարության ծրագրի Արցախի հիմնախնդրին վերաբերող գլխից:
Նրա խոսքով, այնտեղ նշվում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«Պարզ ասած՝ գործող իշխանությունը որպես հակամարտության կարգավորման հիմք վերցնում է այն փաստաթութղը, որը տարիներ առաջ բանակցությունների սեղանին դրվեց և հանրությանը հայտնի էր որպես Մադրիդյան փաստաթուղթ: Ճիշտ է, այն վերջին տասնամյակում տարբեր փոփոխությունների ենթարկվեց, սակայն դրանից փաստաթղթի սկզբունքներն ու էությունը չփոխվեցին»,- ասաց Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ 2020 թվականի պատերազմի օրերին ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի պատերազմի հետ կապված հայտարարությունների հիմքում ևս դրված էր այդ փաստաթղթերի կյանքի կոչումը, ինչը, ինչպես հայտնի է, իշխանությունը տապալեց՝ ճանապարհ բացելով Արցախի հարցում վատթարագույն սցենարի իրագործմանը:
Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ տարբեր տարիներին, տարբեր ժամանակահատվածներում հնչեցված մեկնաբանություններին՝ նշելով, որ, օրինակ, 2020 թ. դեկտեմբերի 5-ի ուղերձում այդ փաստաթուղթը նա բնորոշել է խայտառակ մի բան:
«Եթե այս փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանի բնորշմամբ խայտառակություն էր, ապա ինչո՞ւ է հետ կանգնել իր նախկին դիրքորոշումից, երբ համարում էր, որ պետք է բանակցությունները սկսել սեփական կետից, թե՞ Փաշինյանը դասեր է քաղել տապալման տանող իր մոտեցումներից, խորը գիտակցել իր քայլերի ողբերգական հետևանքները, և վերադարձել հայտնի փաստաթղթի դրույթներին:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իրեն մեղավոր է զգում նախկինում նույն այդ փաստաթղթի հետ կապված հնչեցրած հայտարարություններից, մեկնաբանություններից, այդ փաստաթղթի շուրջ բանակցողների մասին հնչեցրած տարբեր մեկնաբանությունների համար: Ամեն դեպքում, կառավարության ծրագրից այդպես էլ չհասկացա, թե ինչու Փաշինյանի՝ հակամարատության կարգավորման վերաբերյալ առաջ քաշած բանաձևն առ այն, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արդյո՞ք մնում է ուժի մեջ, թե՞ ոչ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանը նաև նշեց՝ հետաքրքիր է հասկանալ, թե ինչո՞ւ այս փաստաթղթի հետ կապված մանրամասները չի ճշտվել Արցախի Հանրապետության գործող նախագահի հետ, որովհետև նա բազմիցս հայտարարել է, որ Մադրիդյան սկզբունքները միանշանակ անընդունելի են իր համար, այդ հարցում երկու կարծիք լինել չի կարող: