«Ժողովուրդ». Հիմա էլ ռուսներն են մեղավոր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում։
Նման բովանդակությամբ հայտարարություն տարածել էր ՀՀ ԱԱԾ-ն՝ ասելով, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Սակայն, ըստ էության, այս աշխատանքներն արդյունք չեն տվել, քանի որ երեկ Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները: «Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները երկիր մուտք գործելիս և դուրս գալիս ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաև պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»,-ասված է ադրբեջանական հաղորդագրությունում:
Նշենք, որ ադրբեջանական մի շարք քարոզչամիջոցներ դեռ սեպտեմբերի 11-ին հանդես էին եկել իրանական կողմին հասցեագրված մեղադրական հրապարակումներով՝ կարծես հող նախապատրաստելով այս քայլի համար: Այս կապակցությամբ դեռևս օգոստոսի սկզբին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, որին փոխանցվել է բողոքի նոտա, և ոչ երկիմաստ կերպով ասվել էր, որ Ադրբեջանը մտահոգված է իրանական կողմի այդ գործողություններով: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև ուղիղ մեղադրանքներ են հնչեցնում ռուս խաղաղապահների հասցեին, որոնք կա՛մ չեն տիրապետում իրավիճակին Լաչինի միջանցքում (ինչն ադրբեջանցիները քիչ հավանական են համարում), կա՛մ «այդ ամենը» տեղի է ունենում նրանց լռելյայն համաձայնության ներքո:
Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ սրանք տեղային դրվագներ են, որոնք կարող են կրկին տեղի ունենալ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցերը լուծված չեն։ «Արցախյան հակամարտությունը դեռ լուծված չէ, սակայն սա արդեն այլ հարց է և
կապված է սահմանագծման աշխատանքների հետ: Նրանք արդեն չեն կարող լուծել Արցախի սահմանների հարցը և որոշել են սահմանների որոշման աշխատանքներ իրականացնել Հայաստանի հետ», - նշեց Եվսեևը:
Նրա խոսքով՝ Իրանի կողմից հնչող հայտարարությունները ևս պատճառ են դարձել սահմանում այսպիսի իրավիճակի համար: Հավելենք, որ երեկ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին ԱԱԾ տնօրենին և մի շարք պետական այլ գերատեսչությունների ղեկավարներին հրավիրել խորհրդարան, քննարկել հարցը, և չնայած իշխանությունների կողմից դրական ազդակներ եղան, սակայն երեկ այդ հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան