Արարատ Միրզոյան․ Պետք է ջանքեր գործադրենք՝ Հայաստանի ու Սլովակիայի միջև հարաբերություններն էլ ավելի սերտանան
«Հայաստանի ու Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկու երկրների միջև զարգացել են հարաբերությունները բոլոր ուղղություններով, և մենք այսօր վերահաստատեցինք, որ պետք է գործադրենք մեր ջանքերը՝ այդ հարաբերություններն էլ ավելի սերտանան։ Սա առաջին հերթին վերաբերում է քաղաքական երկխոսությանը»,- այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկ հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ։
Միրզոյանը նշեց, որ խոսել են տնտեսական հարաբերությունների մասին և այստեղ առկա դեռևս չիրացված հսկայական ներուժի մասին, մասնավորապես համատեղ ծրագրեր իրականացնելու համար անելիքներ կան էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի, ինչպես նաև մշակույթի, գիտության զարգացման ուղղություններով, նախանշվել են կոնկրետ միջոցառումները։
Միրզոյանը Հայաստանի երախտագիտությունը հայտնեց Սլովակիային ու Սլովակիայի ժողովրդին՝ ինչպես համաճարակի ընթացքում ցուցաբերած աջակցության, այնպես էլ Արցախյան վերջին պատերազմի օրերին ու դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար՝ և գործադիր, և օրենսդիր մարմնում ընդունված բանաձևերի հետ կապված։
Արարատ Միրզոյանն ասաց, որ Սլովակիայի ԱԳ նախարարի հետ հանգամանալից կերպով անդրադարձ են կատարել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին, խոսել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին, ինչպես նաև անդրադարձ արել ագրեսիայի օրերին թույլ տրված հանցագործություններին, եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին, մասնավորապես, հայ ռազմագերիների ու բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելու, մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ։
«Խոսել ենք Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող լարվածությանն ու Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություններին՝ ՀՀ տարածք ներթափանցելու վերաբերյալ։ Խոսել ենք ընդհանրապես բոլոր առկա խնդիրների խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես, մատնանշել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սլովակիական ընկերությունն այժմ բանակցում է՝ իր մասնակցությունն ունենալու Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում․ Սլովակիայի ԱԳ նախարար
- Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձև
- ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար. Լայչակ
- Սլովակիայի դեսպանատան հիմնումը նոր մակարդակի կբարձրացնի ՀՀ-Սլովակիա հարաբերությունների օրակարգը․ Մնացականյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան