Ալեն Սիմոնյանը համոզված է՝ ՄԻՊ-ի զեկույցում հայ գերիների խոշտանգումների մասին ներկայացված տեսարանները հնարած են
«Հայաստանում իշխանությունը զավթածներն ամեն գնով ցանկանում են ստեղծել ճշմարտության սով և ճգնաժամ»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և հավելեց, որ իշխանությունը ճշմարտությունը թաքցնում է և ստեղծում զուգահեռ կեղծ իրականություն:
Պատգամավորը նկատեց, որ իշխանությունները յուրաքանչյուր իրական խնդրին հակադրում են արհեստական օրակարգը:
«Մինչ իշխանազավթումը հայ հասարակության համար անհնար կլիներ պատկերացնել, որ հայկական գյուղերի անունները Հայաստանի կառավարական կենտրոնակայանից՝ կառավարության շենքից հնարավոր կլիներ լսել ադրբեջանական անուններով»,-հայտարարեց Մկրտչյանը և հավելեց.
«Սա խիստ պատահական համընկնում է մեկ այլ իրադարձության հետ, երբ թուրք Ալիևը, իր ներպետական օղակներին ուղղակի հրամայում է չօգտագործել հայկական տեղանուններ, այլ կիրառել դրանց ադրբեջանականը և ստացվում է, որ Հայաստանի կառավարությունում էլ են ենթարկվում թուրք Ալիևի հրահանգներին և տպավորություն է, որ ջուր են ուզում լցնել նրա ջրաղացին՝ հայկական պատմությունը ջնջելու և պատմական կեղծարարությունը և ագրեսիան արդարացնելու համար»:
Պատգամավորը հայտնեց, որ Հայաստանում կեղծիքի գերդոզավորման արդյունք է, երբ իշխանություններն ասում են, որ պետպատվերի համար գումար չունեն:
«Այսինքն՝ գումար չունեն անհետաձգելի վիրահատությունների, նաև զինծառայողների առողջության և Հայաստանի հանրության բուժօգնության համար, բայց դրա փոխարեն իրենք գումար ունեն հրավառություն կազմակերպելու համար»,- հայտարարեց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ վարչապետի աթոռը զավթած անձնավորությունն, այլ իշխանավորներ հայտարարում էին, որ գերիները կարող են մի երկու ամիս էլ մնալ բանտում, մյուսն էլ հայտարարում էր, որ Բաքվի բանտում ավելի լավ կնայեն գերիներին, քան Հայաստանում:
«Ինչպես իրենք կասեին՝ սա լկտի սուտ է՝ անմարդկային է ու ցինիզմ»,- հայտարարեց Աննա Մկրտչյանը և մեջբերեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն հատվածը, որում ներկայացվում է Բաքվի բանտերում հայ գերիների խոշտանգման մանրամասները.
«Հայ գերիներին ադրբեջանցիները ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր, ծեծում են մինչև հայի գիտակցության կորուստը, սպասում, մինչև գիտակցության գա ու շարունակում ծեծել։ Ադրբեջանցիները եռման թեյ ու ջուր են լցնում հայ գերիների մարմինների վրա, այրվածքներ պատճառելուց հետո շարունակում են ծեծը, հետո ծեծում այնքան, մինչև մահանա։ Մահից հետո մի քանի օր դին թողնում են բանտախցում, սնվելու համար տալիս են 10 վայրկյան, ստիպում են ուտել գետնից, թքում են ուտելիքի մեջ ու ստիպում ուտել, կտրում են մարմնամասեր, ողջ-ողջ կապում են մեքենայից ու քարշ տալիս, զրկում են ջրից, քնից ու սննդից»։
Նա զարմացավ, որ այդքան փաստերից հետո ՀՀ իշխանությունները դրական ազդակ են տեսնում Բաքվում:
«Այս ստի զուգահեռ իրականությունը պետք է ավարտել, պետք է ավարտել այն ստի քարոզարշավը, որը վերնագրված է՝ քո Նիկոլով»,- ելույթն ավարտեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ինչ պետք էր խոշտանգումների մասին հնարած տեսարանների մասին ՀՀ ԱԺ-ում հնչեցնել:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ. Իշխան Սաղաթելյան
- Ինչո՞ւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար չենք ստեղծում պրոբլեմներ. Թագուհի Թովմասյան