Իրավունքը հայտնվել է զոհի կարգավիճակում. Ղազինյան
«Իշխանության համար պայքարը Հայաստանում վերածվել է կենսագոյության համար պայքարի: Հակամարտող կողմեր՝ իրավունքը հայտնվել է նրանց մեջտեղում»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը:
Նա նշեց, որ իշխանությունը հաճախ չի խորշել գնալու իրավունքի քաղաքականացման, այսինքն՝ քաղաքական պատվերով քրեական գործերի, քրեական հետապնդումների հարուցումներ, ապօրինի կալանքներ, ցուցումով դատավճիռներ, հետագայում նաև քաղաքական ավելի լայնամասշտաբ զանգվածային բռնաճնշումներ՝ մի մասը ինքնանպատակ իշխանություն պահելու, մյուս մասը՝ ինքնանպատակ իշխանության հասնելու:
«Եվ այս պրոցեսի մեջ իրավունքը, ցավոք սրտի, հայտնվեց զոհի կարգավիճակում, որովհետև յուրաքանչյուրը փորձում է իրավունքը ձևել իր ուզած ճաշակին, իր ուզած ոճին, ինչը դարձավ մեր երրորդ հանրապետության ամենամեծ դեֆեկտներից մեկը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ընդգծեց՝ պետք է օր առաջ, ժամ առաջ ձեռնամուխ լինել իրավական անվտանգության հայեցակարգի մշակմանը:
«Իսկ դա ո՞վ պետք է անի և ինչպե՞ս: Հայաստանի Սահմանադրությամբ անվտանգության քաղաքականությունը մշակում է Անվտանգության խորհուրդը, բայց տեսնելով այսօրվա խորհրդի գործունեության որակը, խորությունը, բովանդակությունը, խիստ թերահավատ եմ, որ այդ խորհուրդն այսօր ի զորու է մշակել իրավական անվտանգության հայեցակարգ, հետևաբար, դա պետք է անի ինչ-որ այլ մարմին: Բարձրագույն ներկայացուցչական մարմինը խորհրդարանն է: Խորհրդարանում երկու կառույց կա, որ կարող է դրանով զբաղվել՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը»,- նշեց պատգամավորը:
Արթուր Ղազինյանն ասաց, որ պետք է օր առաջ սկսել այդ գործընթացը, մինչդեռ, գոնե պաշտպանության և անվտանգության հարցերի մշատական հանձնաժողովի պարագայում կարող է ասել՝ դա տեղի չի ունենում.
«Երրորդ նիստն է անցկացվում, որտեղ շատ ավելի կարևորվում է ոչ թե Սյունիքում, Վերի Շորժայում, Տավուշում, Երասխում տիրող իրավիճակը, բանակի այսօրվա մարտունակությունը, ներքին անվտանգության համակարգը, գրեթե կոլապսի հասցված ներքին անվտանգության համակարգը, Արցախի անվտանգային մարտահրավերները, այլ երեք նիստ քննարկման առարկա է դարձել իմ ֆեյսբուքյան տիրույթը և եկամուտների հայտարարագիրը, թեմա են սարքել ինչ որ շշի պատմություն»:
Հարակից հրապարակումներ`
- Իմ գործունեությունն իրենց համար քաղաքական ռիսկ է պարունակում. Արթուր Ղազինյան
- Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
- Ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն. Ղազինյան
- Ղազինյան. «Գունագեղ» ցինիզմի փոխարեն պետք է ռազմական շքերթ
- Այդ դիրքում իմ ներկայությունը քաղաքական առումով վտանգ է ներկայացնում այսօրվա իշխանության համար. Արթուր Ղազինյան