ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով
Ազգային ժողովում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով փակ նիստ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Երեկ մենք «Հայաստան» խմբակցության անունից գրությունն ուղարկել ենք, որտեղ մատնանշել ենք կարևորությունը, հրատապությունը և հարցերի մի խումբ, որոնք վերաբերում է անվտանգությանը, պաշտպանվածությանը, տնտեսական բաղադրիչին, մարդու իրավունքների խախտումներին և առաջարկել ենք, որ ներկա գտնվեն առաջին դեմքերի մակարդակով պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանն ու ՊԵԿ նախագահը: Շատ կարևոր է, որ մենք ամբողջականորեն, լիարժեքորեն ստանանք տեղեկատվություն: Հնարավոր է, որ այստեղ պետական գաղտնիքի տարրեր լինեն, մենք պատրաստ ենք բաց կամ փակ քննարկման: Գլխավոր խնդիրը պետության առջև ծառացած այս մարտահրավերներն են»,-ասաց նա:
Ա. Մինասյանի խոսքով, բոլոր ուղղություններով կա անելիքներ, ամենապարզ օրինակն այն, էր այսօր խախտվում է ՀՀ ինքնիշխանությունը. «Ըստ էության, մենք այդ տարածքում կորցրել ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է, այդ հարցով միանշանակ քրեական գործը պետք է հարուցված լինի, սպասում ենք, որ գլխավոր դատախազն այս հարցերին պատասխան տա, ԱԳՆ-ն՝ արդյո՞ք անհրաժեշտ աշխատանքներ տարվում են իրանական կողմի հետ, թե՞ ոչ, միջազգային հարթակներում ինչպիսի՞ գործընթացներ են իրականացվում, արդյո՞ք որևէ պայմանավորվածություն՝ բանավոր կամ գրավոր եղել է այդ տարածքների վերաբերյալ, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ կենդանու հետ գործ ունեն»:
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենց գրությանը ԱԺ ղեկավարության կողմից ընթացք է տրվել, որոշվել է՝ լինելու է փակ քննարկում, ձգտելու են անպայման լինեն առաջին դեմքերը, պետք է կազմակերպվի հնարավորինս արագ՝ այսօր կամ վաղն է լինելու՝ կախված է լինելու, թե ինչպես են գործադիր իշխանության ներկայացուցիչներին ներգրավում:
«Եթե չհաջողվի կազմակերպել, օրենքով նախատեսված կարգով պահանջ ենք առաջադրելու, որպեսզի իրավասու հանձնաժողովներն այդ գործողությունները ձեռնարկեն»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Ա. Մինասյանի խոսքով, ամբողջ պաշտպանական, անվտանգության համակարգը մի խառնաշփոթ վիճակի մեջ է դրված:
«Բոլոր այս հարցերին պետք է պատասխանեն պատասխանատուները: Ի վերջո ի՞նչ գործ ունի ադրբեջանական ոստիկանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում: Հիմա էլ ցինիկաբար հայտարարում են, որ իրենց հարկային օրենսգրքի շրջանակներում են գործում: Սրանք բոլորը հանցակազմ են պարունակում, միջազգային հանցագործություններ ենթադրող արարքներ են: Այս ուղղղությամբ հայկական կողմը պետք է քայլեր ձեռնարկի: Եթե իշխանությունն ի վիճակի չէ կամ գտնվում է պարփակված վարքագծի մեջ, որ չի կարողանում այդ գործողությունը ձեռնարկել, նշանակում է` մենք բոլորս անելիք ունենք առնվազն Հայաստանի, Արցախի անվտանգությունը գոնե եղած այսօրվա պայմաններում առաջ մղենք»:
Հարցին՝ եթե պայմանավորվածությունների արդյունք չէ, պատրա՞ստ եn աջակցել իշխանություններին, նա ասաց. «Եթե դա պայմանավորվածությունների արդյունք չէ, եթե տեսնում ենք, որ քրեական հանցակազմ չպարունակող վիճակ է, բնականաբար, մեր հայրենիքն է: Անգամ եթե քրեական հանցակազմ պարունակող լինի, մենք պետք է հասնենք նրան, որ այս մարդկանց մեկուսացնենք, հեռացնենք այդ լծակներից, որ կարողանանք հայ ժողովրդի շահը առաջ մղենք:
Մենք որևէ շոուի ցանկություն չունենք, կարիք ունենք մեր ամբողջական ռեսուրսը համախմբել մեր անվտանգության հարցերի շուրջ:
Եթե այդ անվտանգության կենտրոնական սպառնալիքը, առնվազն առերևույթ, իշխանությունն է, ապա իշխանությունը պետք է հեռացվի, որպեսզի կարողանանք լուծում տալ։ Եթե նրանք բավարար փաստարկներ, հիմնավորուներ կբերեն, որ դա, այնուամենայնիվ, արտածին դրսևորում է և անհրաժեշտ է պայքարել դրա դեմ, ուրեմն պետք է պայքարել»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են
- ԱԺ ղեկավարն եք, Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող մեր հայրենակիցներին ասելու որևէ բան չունե՞ք. Աննա Գրիգորյան
- ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան
- Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները
- Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան