Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ. Իշխան Սաղաթելյան
«Չնայած Ադրբեջանի պնդումներին և ցանկությանը, ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ»,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ հիմնախնդրի լուծումը չեն ազդարարել ոչ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող պետությունները, ոչ էլ միջազգային որևէ կազմակերպություն:
«Եվ այս պայմաններում քննարկվում է Հայաստանի ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության մասին համաձայնագրեր ստորագրելու հարցը: Դատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից, դիրքորոշումներից, իրենց գործունեության փաստացի արդյունքներից՝ կարելի է եզրակացնել, որ այս ճանապարհով գնալու դեպքում ունենալու ենք նոր և ավելի ծանր կորուստներ»,- ասաց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը:
Ի. Սաղաթելյանի խոսքով, նման պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանին պարտադրել իրենց օրակարգը, երբ ակնհայտ ագրեսիա են իրականացնում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, անհանդուրժելի և անընդունելի է ՀՀ իշխանությունների վարքագիծը:
«Այսքանից հետո Հայաստանի գործող իշխանությունը հայտարարում է Թուրքայից դրական ազդակների մասին, Սյունիքի հայկական տարածքները դավադիր կերպով կոչում ադրբեջանական անվանումներով՝ տուրք տալով Բաքվի բռնբապետի ցինիկ պահանջներին:
Մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության փոխարեն կառավարության ղեկավարը զբաղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ինքնահռչակ և իրականությունից կտրված խաբկանքներով: Հայաստանի իշխանությունը պարտավոր է օր առաջ հստակ, առանց աճպարարության հայտարարել, որն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, իհարկե, եթե այլ թաքնված նպատակ չունի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նա ընդգծեց՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն այլընտրանք չունի, Ադրբեջանում գտնվող գերիների անհապաղ վերադարձը, ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրսբերումը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգը:
«Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, Արցախի ճակատագիրը կախված չէ, ինչպես փորձում են ձեզ համոզել, միայն գերտերությունների կամքից կամ էլ մեկ պաշտոնյայի քմահաճույքից: Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է:
Բոլորը թող իմանան՝ Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, մեր անկախությունը, մեր ապրելու և ապրեցնելու բնականոն իրավունքը, Արցախը մեր հող ու ջուրն է, մեր արյունը, մեր ինքնությունը: Շուշին, Հադրութը և Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված շրջանները միայն ժամանակավորապես են բռնազավթված թշնամու կողմից»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Իշխան Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար չենք ստեղծում պրոբլեմներ. Թագուհի Թովմասյան
- Քաղաքացիներին զրկում են պետպատվերով բուժումից, իսկ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ընտանիքներին՝ ապահովում. Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան