Պատրա՞ստ եք ներողություն խնդրել, որ պաշտպանել եք 300.1 խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանին
«Տրամաբանական եմ համարում, որ արդարացման դատական ակտից հետո պետք է իրավապահները ներողություն խնդրեն անձից կատարված քրեական հետապդնման համար»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ այնուհետև խոսքն ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին:
«Դուք խոսեցիք տարուց ավելի ձեր կալանավորման մասին, ես էլ կարող եմ ասել, որ 2018 թվականից ի վեր մենք ունեցանք մեկ այլ բավականին աղմկահարույց գործ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ, ով ձեր կալանավորված լինելու ժամկետից ավելի երկար կալանավորված եղավ 300.1-րդ հոդվածի հիման վրա, որն էլ 2021 թվականի մարտի 26-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվեց հակասահմանադրական, քրեական հետապնդումն էլ դադարեցվեց:
Այս հարցը ձեզ եմ տալիս, քանի որ այն ժամանակ, երբ ես փաստաբան էի, դուք էլ ԲԴԽ անդամ չէիք, շատ հաճախ խոսում էիք այդ քրեական գործից, ջանասիրաբար պաշտպանում էիք 300.1-րդ հոդվածը, ասում էիք, որ չափազանց հստակ, որոշակի հոդված է: Հիմա հարցս հետևյալն է. հաշվի առնելով այդ իրավական մշակույթը՝ պատրաստվո՞ւմ եք ձեր դիրքորոշումը հայտնել, որ 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումն ապօրինի էր, ներողություն խնդրեք, օրինակ, նրա համար, որ պաշտպանել եք նման խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը»,- հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:
Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ երբ արտահայտվել է 300.1-րդ հոդվածի վերաբերյալ, եղել է անկախ իրավաբան, որևէ պաշտոն չի զբաղեցրել, իր մասնագիտական տեսակետն է եղել, մինչև հիմա էլ այդ մասնագիտական տեսակետը չի փոխվել.
«ՍԴ-ն որոշում է կայացրել, չի կայացրել, կողմ չեմ այդ որոշմանը ոչ այս կողմից, ոչ այն: Առավել ևս՝ ձեր հիշատակած քրեական գործով որևէ դատավարական մասնակցություն չեմ ունեցել, որևէ որոշում չեմ կայացրել, որևէ ակտ չեմ ստորագրել, ընդհանրապես առնչություն չեմ ունեցել:
Ինչո՞ւ հիմա չեմ արտահայտվում… Եթե իմ վրա չտարածվեր դատավորի էթիկայի և վարքագծի կանոնները, հստակորեն իմ կարծիքը կհայտնեի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:
Վարդևանյանը դատարանների մակագրման համակարգը չաշխատելու վերաբերյալ հարցով էլ դիմեց Գ. Ջհանգիրյանին:
«Ձեր՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար պաշտոնավարման ընթացքում ամենատպավորիչ հանգամանքն այն է, որ դատարանների մակագրման համակարգը չի աշխատում, այլ կերպ ասած՝ ոչ թե չի աշխատում, այլ հենց ձեր՝ որպես պաշտոնակատար պաշտոնավարման ընթացքում վերցրել են այդ մակագրման համակարգը: 21-րդ դարում այդ մակագրման համակարգն ամիսներ է վերցրել են ու հետ չեն տալիս, ոչ էլ այլընտրանքային լուծում է լինում ու մարդիկ ձեռքով մակագրում են»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ երկու դատավոր կա, որոնք իրեն գրավոր զեկուցագրեր են ներկայացրել, դժգոհել են ավտոմատ մակագրման համակարգից, անարդարություն է ստեղծում փաստացի դատավորների ծանրաբեռնվածության մեջ, այդ դժգոհությունները համատարած են եղել:
«Այդ համակարգը կամ դրա բանալիները, կոմպյուտերային տեխնիկայից մի քիչ լավ չեմ, ԱԱԾ քննչական դեպարտամենտն առգրավվել է քրեական գործի շրջանակներում որպես իրեղեն ապացույցներ»,- նշեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան, դո՞ւք, թե՞ Փաշինյանը. Ագնեսա Խամոյան
- Արդյո՞ք Իրաքի դեսպանատանը տեղյակ են, որ ձեզանից գոմ են վարձակալել. Արեգնազ Մանուկյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին
- Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին
- Գագիկ Ջհանգիրյան. Մենք վերադառնում ենք հին համակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին