Անկախության տոնակատարությունների ժամանակ չի եղել մի տարի, որ չլինեն անհետ կորածներ և Եռաբլուրում թարմ շիրիմներ. Փաշինյանի համեմատությունը
«Իհարկե անկախության տոնը պետք է նշվի, բայց ոչ գունագեղ շոուով, մեր տղերքը սիրում են այս երկիրը, զոհվել են այս երկրի համար, ոչ թե նրա համար, որ իրենց ցինիզմով հարգեն, այլ որ գոնե դրանից հետո սթափվենք և փոխվենք: Այդ տղերքին հանգիստ թողեք, նրանց հոգիները հիմա էլ վերևից մեզ են նայում ու հետո մեր բոլորի դատավորներն են լինելու»,-խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հերոսի հայր Գեղամ Նազարյանը:
Նա հորդորեց չհիշատակել զոհվածներին, այլ զբաղվեն նրանց ծնողների հարցերով և կառավարությանն առաջարկեց, որ Անկախության օրվա տոնակատարության ձևաչափն ամբողջովին փոխի և հնչի միայն սիմֆոնիկ երաժշտություն:
Պատգամավորը հայտնեց, որ մինչև հիմա միջգերատեսչական հանձնաժողով չկա, որը զբաղվի անհետ կորած տղաների հարցերով և նրանց հարազատների դիմումները պատերին ու պատնեշներին են բախվում ու հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այս ամիսների ընթացքում լուրջ մարմին չստեղծվեց այդ հարցով:
«Գուցե դրա պատճառն այն է, որ այդ տղաները, նրանց ծնողները խանգարո՞ւմ են, որ գունագեղ շոուներն ավելի շա՞տ լինեն»,-հարցրեց Նազարյանը և հարցրեց, թե արդյոք այս իրավիճակում, երբ կան գերիներ, անհետ կորած տղաներ, եռաբլուրում՝ թարմ շիրիմներ, ավելի ընդունելի ձև չկար Անկախության տոնը նշելու, բացի գունագեղ շոուի փայտով տղաների ծնողների սրտերը փորփրելը:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ կառավարությունը գունագեղ շոուի հարցերով զբաղվելու փոխարեն անհետ կորածներով զբաղվեին և 2 միլիոն դրամն էլ հատկացնենին, որ ավելի լավ զբաղվեն այդ հարցով:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն էլ է հանդիպում անհետ կորածների հարազատների հետ և հավաստիացրեց, որ անհետ կորածների հարցով զբաղվող մարմինը կա և ինքն է համակարգում այն:
«Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ, բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը տոնական չէ, բայց կա նաև այլ խնդիր՝ ՀՀ-ն 30 տարեկան է»,-պատասխանեց Փաշինյանը և բացատրեց, որ եթե տոնակատարությունն անեն դրոշներով, ապա նրա գույները շատ վառ են և չի կարծում, որ պետք է չեղարկել դրոշի գույները:
Նա ասաց որ նախատեսված միջոցառման առանցքը նահատակների հիշատակի ընդգծումն է:
Հայտնելով, որ տոնակատարությանը նախապատրաստվել են 6 ամիս՝ Փաշինյանը պնդեց, որ Անկախության տոնակատարությունների ժամանակ չի եղել մի տարի, որ չլինեն անհետ կորածներ և Եռաբլուրում թարմ շիրիմներ, սակայն շտապեց ասել, որ այդ ցուցակը չի ստուգել, բայց անկախության ողջ ընթացքում ունեցել ենք զոհեր:
«Մեր բոլոր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, ես այսպես եմ ընկալում»,-եզրափակեց գործադիրի ղեկավարը:
Գեղամ Նազարյանը հորդորեց ասել, թե որ հանձնաժողովն է ստեղծված անհետ կորածների հարցով:
«Մեղրիից մի տեղեկանք ստանալու համար վիրավորը հասնում է Երևան, բա այդ հանձնաժողովն ինչո՞վ է զբաղվում»,-հարցրեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չասաց, թե ո՞ր հանձնաժողովն է զբաղվում անհետ կորածների հարցերով, այլ արտասանեց Հովհաննես Թումանյանի բանստեղծությունը:
«Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհրդավոր ճամփին նորի ու հնի.
Հառաչանքով սրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան