Հովհաննես Խուդոյան․ Հնարավոր չէ քրեադատավարության օրենսդրությունը շրջել այնպես, որ դատախազության ցանկությունն իրականանա
«Չի կարող անձի վիճակը վատթարացնող քրեադատավարական նորմը կիրառվել անձի նկատմամբ այն պրոցեսում, որն արդեն սկսվել է։ Հետևաբար, որքան էլ դատախազությունը ցանկանա կանոն փոխել, այն չի կարող կիրառվել սույն գործով նախկինում ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ, որովհետև այս պահին այդ անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվում»,- Վերաքննիչ դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների, դատախազների և տուժող կողմի ներկայացուցչի բողոքների գործով լսումները։
Հովհաննես Խուդոյանը նշեց, որ քրեական դատավարության կանոնները հստակ սահմանված են և, անձով կամ ոչ դատավարական շահերով պայմանավորված, դրանք չեն կարող պարբերաբար փոփոխվել։
Ըստ նրա՝ դատախազների բերված բողոքն առարկայազուրկ է, իսկ օրենքում եղած բացը պետք է լրացվի օրենքի փոփոխությամբ։ Եթե նույնիսկ օրենսդրական փոփոխություններից հետո դատախազությունն իր ուզած լիազորությունը ստանա, միևնույն է, սույն գործով դրանք կիրառելի չեն լինի։
«Հնարավոր չէ քրեադատավարության օրենսդրությունը շրջել այնպես, որ դատախազության ցանկությունն իրականանա», - ընդգծեց Խուդոյանը։
Պաշտպանի ելույթի ժամանակ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը դժգոհեց դատավարության ընթացքից և լքեց դատական նիստերի դահլիճը։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյան. Դատարանն ուղղակի այլընտրանք չուներ, քան քրեական հետապնդումը դադարեցնելը
- Դատավորն ընդհատեց Սեդա Սաֆարյանին
- Պաշտպան Կարեն Մեժլումյանը վերաքննիչ դատարանին խնդրել է քննությունն այսօր չավարտել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները