«Պատիվ ունեմ»-ը կքննի՝ ինչպե՞ս են ծախսվել «Հայաստան» հիմնադրամի գումարները
Պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամին Սփյուռքից ու Հայաստանից հանգանակած գումարների ճակատագրի մասին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հետաքրքրվեց ԱԺ եկած Նիկոլ Փաշինյանից։
«Այդ գումարների ճակատագիրը մեծ կասկածների տեղիք տվեց, տեղի ունեցավ ուղղակի բյուջետային ֆինանսավորում, 50 մլրդ-ից ավելի միջոցներ ուղղվեցին պետական բյուջե»,-ասաց Մամիջանյանն ու հետարքրվեց աուդիտի եզրակացությունից, քանի որ ոչ հիմնադրամի կայքում, ոչ էլ բաց աղբյուրներում նման տեղեկատվության չի հանդիպել։
Ամբիոնին մոտեցած Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով տարածվել է հաղորդագրություն, ըստ որի, ինքը ներկայացրել է հաշվետվություն, արձանագրել է, որ չարաշահումներ ու հանգանակած գումարների վատնում չի եղել։
Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ տեղյակ է, որ աշխատանքներն արվել են, արդյունքներն ամփոփվել են, սակայն տեղյակ չէ՝ արդյո՞ք հրապարակվել է այդ տեղեկատվությունը։
«Որքան ես տեղյակ եմ, աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը, արձանագրվել է, որ ամեն ինչ ըհամապատասխանում է այն տրամաբանությանը, ինչ հայտարարել է հոգաբարձուների խորհուրդը ՝ Ձեր հիշատակած նիստի արդյունքներով»,-ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե նույնիսկ աուդիտ իրականացնի աշխարհի ամենահյտնի ընկերությունը, չի կարող որևէ չարաշահում բացահայտվել կառավարության գործողություններում։
Մամիջանյանը նշեց, որ խոսքը վերաբերում է 52 մլրդ դրամի մասին, որը փոխանցվել է բյուջե։
«Հայտարարեմ, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, օգտվելով խորհրդարանական վերահսկողական հիմնական լծակ հանդիսացող քննիչ հանձնաժողովների ինստիտուտից, նախաձեռնելու է քննիչ հանձնաժողովի ստեղծում համահայկական հիմնադրամի այդ ընթացքում հանգանակված միջոցների, ծախսերի, դրանց արդյունավետության, օպերատիվության, առհասարակ ոլորտների ընտրության հետ կապված։ Գործընթացը շուտով կմեկնարկի»,-ասաց նա։
Մամիջանյանն ասաց, որ պետբյուջե հիմնադրամից միջոցների փոխանցման հետ կապված եղել է հիմնավոր կասկած, որ բյուջեում գումարներ չկային, և այդ գումարը ծախսվել է աշխատավարձերի, թոշակների վճարման համար։
Ի պատասխան Փաշինյանը դիտարկում արեց, որ հիմնադրամի միջոցները ռազմական նպատակով չեն ծախսվել, դրանք օգտագործվել են պատերազմի ընթացքում առաջացած առողջապահական, տնտեսական, սոցիալական կարիքների համար։
«Կառավարությունը 100 մլրդ դրամ է հատկացրել այդ կարիքները հոգալու համար, որից 52 մլրդը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից, իսկ մնացած 50 մլրդը՝ պետբյուջեից»,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան