Նոր Նորքում կատարված բնակարանային գողության փաստով երկու անձ ձերբակալվել է
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից սեպտեմբերի 14-ին, ժամը 18.40-ին Նոր Նորքի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Ոստիկանություն ահազանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 13.00-ից 18.20-ն ընկած ժամանակահատվածում տան դուռը բացել և փող ու գուլպա են գողացել։ Դեպքի վայր՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկը մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանի դուռը բացել են հարմարեցված բանալիով։
Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն անցել են օպերատիվ միջոցառումների։ Ոստիկաններն, այսպես ասած, սանրեցին տարածքը։ Տվյալներ ունեին, որ բնակարան մտած անձը կամ անձինք դեռ Նոր Նորքում են։
Հարակից բակերում իրականացված որոնողական աշխատանքի շնորհիվ նրանք հայտնաբերել են Երևանի տարբեր թաղամասերում բնակվող 32 և 37 տարեկան երկու տղամարդու։ Տղամարդիկ կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք ու խուզարկվել են։
37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են օտարերկրացու բնակարանից գողացած փողն ու գուլպաները, ինչպես և դանակ, բանալի, դուռ բացելու հարմարանքներ և այլն։
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ներկայացվել են քննչական բաժին ու ձերբակալվել։ Բնակարանային գողության հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։