Հերոս Ալբերտ Հովհաննիսյանը կդառնար 20 տարեկան
44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանը այսօր կդառնար 20 տարեկան։ Սակայն նկարի հայտնի տղայի կյանքն ընդհատվել է 2020 թվականի հոկտեմբերին։
«Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ։ Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը։ Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց ... այլ բան էր կանխորոշված։ Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր։ Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ։ Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ… Փա՛ռք մեր հերոսներին»,- որդու զոհվելու մասին լուրը ստանալուց հետո գրել էր Արբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Իսկ արդեն այսօր Արտակ Հովհաննիսյանը գրել է.
«Նախորդ տարի այս օրը անակնկալ այցելեցինք Արցախ ծառայութայն մեջ գտնվող զինվոր Ալբերտին ասելու՝ ծնունդդ շնորհավոր: Այո՛, այսօր Ալբերտս կդառնար 20 տարեկան, բայց չարաբաստիկ պատերազմը չթողեց, որ տեսնեինք թե ինչպիսին կլինեյիր դու այսօր՝ 20 տարեկանում ու դրանից հետո:
Այս աշխարհում քո բացակայությունը ոչ ոք, ոչ մի կերպ չի լրացնի: Մարտի դաշտում արված վերջին լուսանկարներդ՝ ուժի, պայքարող տեսակի, բռնկված ցասումդ արտացոլող ու դրա կողքին միաժամանակ, բարի ու խաղաղ ժպիտով, հանգստություն հաղորդող կերպարդ այնքան իրարամերժ էմոցիաներ ու անպատասխան հարցեր թողեցին: Հավերժ մնացիր 19-ամյա պայքարող մարտիկ…
Այսօր քո տարեդարձին,կրկին անգամ դիմում եմ բոլոր ծանոթ ու անծանոթ մարդկանց, «Եռաբլուր» պանթեոնում ծաղիկներից ժամանակվոր բլուր սարքելու փոխարեն, այդ ծաղկի գումարները կուտակենք ստորև բերված հաշվեհամարներին:
VTB բանկ
AMD 16040116084300
USD 16040116084301
EUR 16040116084302
RUR 16040116084303
Նպատակը մի բարի գործ ավելին անելն է: Ուզում եմ, որ այն բարությունն ու ջերմությունը, որ Ալբերտն իր լուսավոր ներկայությամբ հաղորդում էր շրջապատող մարդկանց, բարի գործերի տեսքով շարունակական բնույթ կրի. Ալբերտն այդպիսով է հիմա ապրում:
Երկնային ծնունդդ շնորհավոր, որդի՛ս: Հպարտ եմ որպես քո հայր, բայց որպես հայ մարդ՝ խոնարհումս քեզ»։
Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։ 2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։
2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։
Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրերին։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Հարակից հրապարակումներ`
- «Ես արգելում եմ». Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը հանել են գովազդային վահանակից
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Զգուշացնում եմ պատկան մարմիններին՝ անհապաղ միջոց ձեռնարկել նման սրբապիղծներին բացահայտելու համար
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Այ սատկեք դուք՝ բոլոր պատասխանատուներդ
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Մեզ ներողություններ պետք չեն
- Հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի մեդալը դեռ ծնողներին չեն հանձնել
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Ամեն ինչ կտայի, որ ձեր սեղանը ես գցեի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան