Օդանավի անսարքության պատճառով Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե
Օդանավի անսարքության պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Բայց նա Դուշանբե մեկնելու է, որտեղ վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում», - նշել է Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։
Նախարարի մամուլի խոսնակն ասել է, որ օդանավը եղել է քաղաքացիական։ Այլ մանրամասներ Հունանյանը չի ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից ՀԱՊԿ նիստերին չեն մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու պաշտպանության նախարարը
- Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը