Հարութ Սասունյան. Փաշինյանը չպետք է հետևի Սարգսյանի սխալ քաղաքականությանը Թուրքիայի հետ հարաբերություններում
Նորից նույն բանն ենք անում։ Դեռևս 2009 թվականին նախագահ Սերժ Սարգսյանն անխոհեմորեն ստորագրեց համաձայնագիր Թուրքիայի հետ՝ իբր թե ընդհանուր սահմանը բացելու համար։ Թեև աշխարհասփյուռ հայությունը կտրականապես դեմ արտահայտվեց այս ծրագրին, սակայն նախագահ Սարգսյանը շարունակում էր պնդել, որ ինքը ճիշտ էր, իսկ մնացած բոլորը սխալվում էին:
Սարգսյանը չէր տեսնում, որ Թուրքիան մտադրություն չուներ բացել սահմանը: Անկարան սահմանի հարցը օգտագործում էր որպես հնարք`Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու համար, ինչպիսիք են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդունումը, ինչը նշանակում է, որ հայերը պետք է հրաժարվեն Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրենց պահանջներից և Արցախի վերադարձը Ադրբեջանին։ Սրանք թուրքական նախապայմաններն էին:
Ավելին, նույնիսկ եթե Հայաստանն ընդուներ այս անթույլատրելի պայմանները, Թուրքիան նորանոր պահանջներ առաջ կքաշեր:
Նախագահ Սարգսյանը չէր հասկանում, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանար բացել սահմանը, ապա դա կարող էր անել առանց արձանագրությունների ստորագրման և Հայաստանին որևէ պահանջ ներկայացնելու: Ի վերջո, Թուրքիան էր, որ միակողմանիորեն փակել էր սահմանը, ոչ թե Հայաստանը, այնպես որ նա կարող էր սահմանը բացել ցանկացած պահի, երբ ուզեր: Երբ նախագահ Սարգսյանը 2009-ին շրջեց սփյուռքի մի քանի համայնքներում, ենթադրաբար սահմանների հարցի վերաբերյալ նրանց տեսակետները պարզելու համար, նա բախվեց զանգվածային բողոքների և առճակատումների Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Ի վերջո, Ադրբեջանին հաջողվեց խափանել հայ-թուրքական արձանագրությունները` ճնշում գործադրելով Թուրքիայի վրա, որպեսզի նա դրանք չվավերացնի՝ Արցախը վերադարձնելու համար Հայաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու նպատակով: Որքան էլ զավեշտալի է, Ադրբեջանը, և ոչ թե Սերժ Սարգսյանը ի վերջո պաշտպանեց Հայաստանի շահերը:
Այժմ, 2021 թվականին, մենք տեսնում ենք 2009 թվականի բեմադրության կրկնությունը, միայն թե այս անգամ իրավիճակը շատ ավելի ծանր է, քանի որ Հայաստանը ղեկավարվում է պարտված ղեկավարի կողմից, որն այլընտրանք չունի, քան ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի զիջումների ուռճացող պահանջները: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանն ու Թուրքիան չեն կարող հավերժ թշնամիներ մնալ և վատ բան չեն տեսնում «մեր հակառակորդների» հետ խոսելու մեջ, մոռանում են մեկ առանցքային կետ. ո՞վ է բանակցում։ Մի կողմից, մենք ունենք խորամանկ քաղաքական գործիչ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի անփորձ ու պարտված ղեկավարը: Դա նման է նրան, որ ոչխարին խնդրեք բանակցել գայլի հետ: Արդյունքն ակնհայտ է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ասաց, որ «Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա՝ ակնկալելով, որ հարևան երկիրը կհրաժարվի միակողմանի մեղադրանքներից և իրատեսական հայացքներ կորդեգրի»:
Զարմանալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հայտարարությունը համարեց «դրական ազդակ» և խոստացավ նույն կերպ արձագանքել․․․ Թուրքիայի 2009 թ․ նախապայմանները դեռևս սեղանի վրա են, բացառությամբ այն, որ Ադրբեջանը ուժով վերադարձրել է Արցախի մեծ մասը: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է պահանջել, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ձգտումներից և ընդունի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Անցյալ տարվա պատերազմից ի վեր Ադրբեջանն ու Թուրքիան նոր պայման են դրել. Հայաստանը պետք է «խաղաղության պայմանագիր» ստորագրի Ադրբեջանի հետ, ինչը կնշանակի ընդունել վերջինիս տարածքային ամբողջականությունը, այդպիսով ընդմիշտ հրաժարվելով Արցախից:
Ավելին, նույնիսկ եթե Փաշինյանը համաձայնի ընդունել նման անթույլատրելի պահանջներ, Թուրքիան և Ադրբեջանը, անշուշտ, նոր ավելի մտահոգիչ պայմաններ առաջ կքաշեն: Սա կարմիր գիծ է, որը ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հատել․․․ Ինչպե՞ս կարելի է բանակցել մի երկրի հետ, որը 1915 թվականին գրեթե ոչնչացրեց հայոց ցեղը, իսկ բոլորովին վերջերս՝ անցյալ տարի, սպանեց հազարավոր հայ երիտասարդ զինվորների:
Հիմնականում կատարելով թուրքական առաջին նախապայմանը՝ Արցախի վերադարձը, Ադրբեջանն այժմ ցանկանում է ավարտին հասցնել գործը՝ բռնագրավելով մնացածը, այս անգամ ոչ թե պատերազմով, այլ ստիպելով Հայաստանին կամովին հրաժարվել դրանից՝ ստորագրելով խաբուսիկ «խաղաղության պայմանագիր»։
Ադրբեջանը շարունակում է դանակը խրել Հայաստանի արյունահոսող սիրտը՝ ոտնձգություն իրականացնելով երկրի սահմանների վրա և ապօրինի պահելով ու տանջելով հայ ռազմագերիներին, նույնիսկ այն բանից հետո, երբ Փաշինյանն անհարկի Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցիների կողմից բռնագրավված տարածքներում գտնվող 200 հազար ականների քարտեզները։
2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով նման պահանջ չկար: Սակայն, այն իր մեջ ներառում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջը: Փաշինյանը պետք է պնդի, որ ոչինչ չի բանակցվի մինչև ռազմագերիների ազատ արձակումը և ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանի սահմաններից: Այս պայմաններում Հայաստանը պետք է հակադրվի Թուրքիայի նախապայմաններին՝ իր նախապայմաններով:
Կան նաև այնպիսինները, որոնց կարծիքով հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի առևտուրը և ֆինանսական օգուտներ կբերի Հայաստանին: Ընդհակառակը, թուրքական էժան ապրանքները կհեղեղեն հայկական շուկան՝ սնանկացնելով տեղական արտադրողներին: Հայ գործարարները չեն կարող մրցել թուրք արտադրողների հետ, որոնք օգուտ են քաղում մեծաքանակ տնտեսությունից` 85 միլիոնանոց բնակչության շուկայի հիման վրա:
Եկեք Հայաստանը էժան չվաճառենք՝ վարվելով այնպես, կարծես թե Թուրքիան մեծ լավություն է անում մեզ՝ առաջարկելով բացել սահմանը: Իրականում, Թուրքիան, բացելով սահմանը, շատ ավելին կշահի, քան Հայաստանը: Հայաստանից ընդամենը 48 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թուրքիայի Կարս քաղաքում տնտեսությունը «ծանր հարված» ստացավ սահմանի փակվելուց հետո՝ ըստ EurasiaNet.org-ի: Դրա հետևանքով, Կարսի նահանգի բնակչությունը «662 հազարից (1990 թ․) նվազեց մինչև 285 հազար (2020 թ.)»:
Զավեշտալի է, որ Փաշինյանը, որն իշխանության եկավ՝ ընդդիմանալով իր նախորդների բոլոր գործողություններին, կուրորեն կրկնում է Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ նախորդ նախագահի տապալված քաղաքականությունը: Նա նույնիսկ օգտագործում է Սարգսյանի խոսքերը. «Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանի»: Թվում է, թե Հայաստանի ղեկավարները ոչ միայն դասեր չեն քաղում անցյալի սխալներից, այլ կուրորեն կրկնում են դրանք: Ինչ-որ չափով հասկանալի կլիներ, եթե Փաշինյանը, որպես պարտված ազգի ղեկավար, խոստովաներ, որ այլ ելք չունի, քան ընդունել ադրբեջանա-թուրքական պարտադրված պայմանները: Սակայն նա այդպես չի ասում։
Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ այս պարտադրված պայմանները, ինչպես Նախիջևանը Արևելյան Ադրբեջանին կապող ուղին և Թուրքիայի հետ սահմանի բացումը լավագույնս բխում են Հայաստանի շահերից․․․ Նման միջոցառումները լիովին հակասում են Հայաստանի ազգային շահերին: Դրանք իրականում պանթուրքիստների դարավոր երազանքներն են՝ Հայաստանի միջոցով Թուրքիան կապել Հեռավոր Արևելքի թյուրքական հանրապետություններին:
Վիճակն ավելի բարդացնելով, Փաշինյանը վերջին օրերին ողջունեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի Թուրքիայի հետ սահմանը բացելու համար: Սա զարմանալի չէ, քանի որ նման գործողությունները ձեռնտու են Ռուսաստանին՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից և Արևմուտքից ավելի հեռացնելու համար: Ցավալի է, որ մինչ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ջանասիրաբար վարում են իրենց ազգային շահերից բխող քաղաքականություն, Հայաստանի ղեկավարը պատկերացում չունի իր երկրի ազգային շահերի մասին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Նոր վեճ է հասունանում Երուսաղեմում՝ պատրիարքարանի կողմից վարձակալության հանձնված հողատարածքի պատճառով
- Հայ խորհրդարանականները «ջութակ են նվագում»՝ մինչ բարբարոսները դարպասների առաջ են. Հարութ Սասունյան
- Պետք է պարտության մատնել Վիրջինիայի նահանգապետի թեկնածուին՝ թուրքական լոբբիստին. Հարութ Սասունյան
- Հարութ Սասունյան. Էրդողանի վիթխարի մզկիթը Վաշինգտոնի մոտակայքում Տրոյական ձի է Թուրքիայի շահերի համար
- Հարութ Սասունյան. Պետդեպարտամենտի գաղտնի հեռագիրը բացահայտում է ԱՄՆ-ի ամոթալի ճնշումը Հայաստանի ղեկավարների վրա
- Բացահայտելով կեղծ ուղերձը, որն իբր Բաքվի հայերն ուղարկել են Կաթողիկոսին. Հարութ Սասունյան
- Հարութ Սասունյան. Զարեհ Սինանյանը կեղծիքներ է տարածում
- Հարութ Սասունյան. «Հայաստանում ժողովուրդն իր խոսքն ասաց, անկախ նրանից՝ համաձայն ենք դրա հետ, թե ոչ»
- Հարութ Սասունյան. Մեծագույն տնտեսագետը բացահայտում է Էրդողանի ստերը Թուրքիայի սնանկացած տնտեսության վերաբերյալ
- Հարութ Սասունյան. Թուրքական խումբը կոտրել է Բայդենի կայքը` նրա նախագահական ընտրությունները խափանելու համար