Դրսում կրթվելն առ ոչինչ է, եթե դրանով ուրանում ես քո ինքնությունը, կորցնում ես ազգային դեմքդ. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Ի ցավ սրտի մի փաստ է արձանագրելի, որից էլ պետք է լրջագույն հետևություններ անել. ոչ վաղ անցյալից սկսյալ մինչ օրս ազգային-հոգևոր արժեհամակարգի, հայ ոգեղինության, ազգային-եկեղեցական սրբությունների, ավանդույթների և խորհրդանշանների դեմ գործողների մեծագույն մասը դրսում՝ օտար կառույցներում և ուսումնական հաստատություններում ուսանած անձերն են:
Մինչդեռ նմանների համար սարսափ-միջնադարում, երբ բացառապես հայ հոգևորականներն էին ուսման մեկնում արտերկրյա կրթական հաստատություններ ու գիտական կենտրոններ, նրանք Հայրենիք վերադառնալով ոչ միայն սրբորեն պահում ու պահպանում էին իրենց ազգային ողջ ժառանգությունը, այլև իրենց ամբարած գիտելիքներով ու փորձով՝ սերունդներ էին կրթում ու դաստիարակում, ովքեր էլ սրբությամբ միմյանց էին ավանդում նախնյաց լույս ժառանգությունը: Եվ այսպես Ազգը հարատևում էր՝ խորտակելով ամեն արգելապատնեշ, որ կանգնեցվում էր իր առջև:
Դրսում կրթվելն առ ոչինչ է, եթե դրանով ուրանում ես քո ինքնությունը, եթե կորցնում ես ազգային դեմքդ ու նկարագիրդ, եթե միտքդ խավարում է անմտությամբ, եթե վերածվում ես ապաբարոյական մի գոյի, որն իրականում այլևս անգո է. ոչնչություն:
Ապրել 21-րդ դարում, լող տալ գիտատեխնիկական օվկիանում, երբեք ու երբեք չի նշանակում հրաժարվել ու կորցնել մարդկայնությունն ու բարոյականությունը, ազգային ինքնագիտակցությունն ու հավատքի սրբությունը. լսո՞ւմ եք առաջադեմ-անդեմներ:
Որքան էլ նկրտեք, ծառս գաք, միևնույն է, մնալու եք նույն գաճաճը:
Հայոց Եկեղեցու լույսն ու ճշմարտությունն առհավետ ճառագայթելու է, ձայնը ղողանջելու է և հաստատ ու անփոփոխ է մնալու մեր առաքելությունը:
Հայ հոգևորականն ընդմիշտ գործելու է Սբ Ավետարանով և ազգային հոգևոր-գաղափարականով:
Արդ, ընտրությունը ձերն է. կամ դարձի գալով ընթանում եք այդ լույս ճանապարհով՝ որպես հարազատ զավակներ, կամ էլ չքվում ու վերադառնում եք այնտեղ, որտեղ եղծվեցիք»:
Հարակից հրապարակումներ`
- Հայոց Տունը դարձյալ սկսել են քայքայել՝ օգտագործելով տարբեր աղանդների. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Ասողիկ աբեղա Կարապետյան. Ամենայն լրջությամբ և պատասխանատվության բարձրագույն գիտակցությամբ պետք է կատարենք մեր ընտրությունը
- Որքան էլ լսելի լինեն ճիչեր և աղաղակներ, ստույգ է, հայ հոգևորականը չի իջնելու իր վեհ դիրքից. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Լռեցե՛ք և ամո՛թ ունեցեք, վերջապես. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան. Վեր կանգնել նեղ խմբակային շահերից, որպես ազգընտիր պատգամավորներ կատարել սուրբ պարտքը