Հենց հիմա բանակցություններ են, հույս ունեմ՝ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված. Մհեր Գրիգորյան
Բնակչության բարեկեցության և տնտեսության զարգացման համար կարևոր է գազի սակագինը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ 3 հանգամանքով պայմանավորված այս պահի դրությամբ հարցադրումներ է անում գազի սակագնի հետ կապված։
«Միջազգային շուկայում գազի գնի հետ կապված բարձրացումներ են գրանցվում, Եվրոպայում աննախադեպ ռեկորդային գներ են գրանցվում, ՌԴ-ն ու Բելառուսը պայմանավորվել են գազի գնի սակագնի հետ կապված, երեկ ՀՀ-ում բանակցություններ էին տեղի ունենում «Գազպրոմի» նախագահի և կառավարության միջև։
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ արդյո՞ք մենք ունենք որոշակիություն 2022 թվականի համար Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ։ Եթե ճիշտ եմ հիշում, մինչև այս պահի դրությամբ անգամ 2021 թվականի մասով ստիպված ենք եղել 3-4 ամիսը մեկ լրացուցիչ որոշումներ կայացնենք ռուսական կողմի հետ միասին»,- ասաց Ա. Գևորգյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ կա որոշակի անորոշություն, կան որոշակի տենդենցներ, երեկվա դրությամբ ռեկորդային գին սահմանվեց՝ 800 դոլար 1000 խմ համար, ինչը, բնականաբար, որոշակի հարցեր առաջացնում է։
«Ըստ էության, բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում, ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին, փորձում խոսել առնվազն գնի պահպանման մասին ոչ ավելացման, չնայած պնդում կա «Գազպրոմ» խմբի կողմից, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը իրենց չի բավարարում, բայց դա աշխատանքային պրոցես է։
Հենց հիմա բանակցությունների գործընթաց է, հույս ունեմ՝ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված։ Երբ որ բանակցություններն ամփոփման փուլում լինեն, կկիսվեմ տեղեկատվությամբ»,- ասաց փոխվարչապետը։
Արմեն Գևորգյանն հարցադրում արեց. «Ձեր պատասխանից պե՞տք է հասկանալ, որ անսպասելի բան ասելով հասկանում ենք, որ գազի գինը չի բարձրանալու, թե, այնուամենայնիվ, հարցն այնքան անորոշ է, որ վերջնական որոշում չկա և չի բացառում, որ գազի գինը կարող է բարձրանալ»։
Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Պարոն Գևորգյան, կախված է նրանից, թե դուք որ ժամանակահատվածի մասին եք խոսում։ Ես անսպասելի ասելով՝ նկատի ունեմ մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա, բայց ժամանակի ընթացքում տեսեք աշխարհում ինչ է կատարվում և չեմ կարող խոսել 2-3 տարվա կտրվածքով։ Այս տարի, հուսով ենք, կհաջողվի պահպանել նույն գինը սահմանին»։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում գազի գինը ևս մեկ ռեկորդ է սահմանել
- Ռուսաստանը չի օգտագործի գազի տարանցման հարցը որպես զենք. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում