Ի՞նչ մեխանիզմներով եք հակազդում Ադրբեջանի՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությանը. Լիլիթ Գալստյանը՝ կառավարությանը
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց Ադրբեջանի կողմից ոչնչացվող հայկական մշակութային ժառանգության հարցը։
«44-օրյա ողբերագական և կապիտուլյացիոն պատերազմի արդյունքում մարդկային անգնահատելի զոհերի կողքին ունեցանք ահռելի մշակութային կորուստներ։ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում են մնացել 19 թանգարաններ, հնագիտական և գեղարվեստական հավաքածուներ, որոնցից 7-ը երբեք թուրքի ոտքը չմտած Հադրութում, 12-ը, ըստ Փաշինյանի, դժբախտ ու դժգույն Շուշիում։ Միայն Շուշիում պատմական և մշակությային հուշարձանների թիվը 197 էր, գործում էր 10 պետական թանգարան, ուր պահվում էր 20 հազար ցուցանմուշ։ Շուշիում էր գործում նաև տեսակի մեջ եզակի գորգերի թանգարանն ու հայկական դրամի թանգարանը։
Այսօր Ադրբեջանի կողմից Շուշին հայտարարվել է մշակութային մայրաքաղաք, այսօր Ադրբեջանում Արցախի մշակութային ժառանագության նկատմամբ ոչնչացման քաղաքականություն է իրականացվում»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Նա դիմեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ մեխանիզմներով են հակազդում Ադրբեջանի՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությանը, ունեն արդյո՞ք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած հուշարձանների ցանկեր, կարողանո՞ւմ են միջազգային հարթակներում պաշտպանել հայկական ժառանգությունը ոչնչացումից, ի՞նչ քայլեր են անում միջազգային հանրությանը ներկայացնելու համար այն մշակութային ցեղասպանությունը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց՝ այո, արվում է, ի՞նչ է արվում, ամեն ինչ, ինչ հնարավոր է, իսկ ի՞նչ է հնարավոր, հնարավոր է եղել ամենաբարձր մակադակով դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։ Նա նշեց, որ նման հարցերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ներքո է։ Նախարարն ասաց, որ միջազգային կառույցների ներկայացուցիչների, դեսպանների հետ հանդիպումներում կարմիր թելով անցնում է հայկական մշակութային ժառանգության հետ կապված խնդիրները։
Նա նշեց, որ ցուցակ կա, ներառված է շուրջ 4000 անուն։
«Կարող եք վստահ լինել, որ հարցը մեր ուշադրության ամենակենտրոնում է»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Լիլիթ Գալստյանն արձագանքեց, որ ոչ մի կոնկրետ, առարկայական արդյունք չի տեսնում, ոչ էլ կարողացավ նախարարն այդ մասին խոսել։
«Միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում մեր մշակութային ժառանգության պահպանությունը զետեղելը բավարար չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հիշեցնելով, որ կան մի շարք միջազգային կոնվենցիաներ մշակութային ժառանգության պահպանության հարցով։
«Կուզենայի այսօր լսել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մեր դատի պաշտպանության մի բաղադրիչը դիտում եք նաև մշակութային իրավունքների պաշտպանությունը, ինչի մասին չլսեցի»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Վ. Դումանյանը նշեց՝ զարմանում է, թե ինչ պատասխան էր ակնկալում լսել իրենից, որպեսզի բավարարված զգար այդ հարցի իրավիճակի վերաբերյալ. «Գոյություն չունի այդ պատասխանը, որովհետև խնդիրը պատասխանի մեջ, այլ փաստերի մեջ է, փաստերը մտահոգիչ են, արվում է ամեն ինչ ոչ միայն մեր խողովակներով, այլ ԱԳ նախարարության և բոլոր խողովակներով»։
«Մի կասկածեք գոնե այս հարցում, որ հնարավորն արվում է։ Վստահաբար կատարում ենք մեր լիարժեք պարտավորությունները և ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի։ Եթե դուք այլ լուծումներ գիտեք, ապա մեր մյուս հանդիպումներին խնդրում եմ կասեք»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի դեսպան․ ՀՀ մշակութային ժառանգության հանդեպ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է համաշխարհային ժառանգության նկատմամբ
- Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկում է Ակնա, Վարանդա, Շուշի առաքելության կազմակերպման հարցը․ Ադրբեջանի ԱԳՆ
- Կարևոր հարցերից է նաև մշակութային ժառանգությունը, որով հարուստ է այդ տարածաշրջանը․ Կիմմո Կիլյունենը՝ ԵԽԽՎ-ում
- Փորձ է արվում ջնջել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և դրա պատկանելությունը. ԱԳ նախարար
- Ռուս հայտնիները ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել են պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան