Ընդդիմությունը գտնում է՝ իշխանությունները միտումնավոր են օգտագործում ադրբեջանական տեղանունները. Սեյրան Օհանյան
«Դրա մեջ կարող է թաքնված պահ լինել, իրենք ենթադրում են, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո այդ տարածքներն անցնելու են ադրբեջանցիներին»,- պատասխանելով Գորիս-Կապան ճանապարհի հարակից բնակավայրերն ադրբեջանական անվանումներով կոչելու Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ-ի հայտարարության մասին լրագրողի հարցին՝ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա հայտնեց, որ չի հասկանում, թե ինչ իրավապայմանագրային հիմքերով և ինչ իրավիճակում է սահմանազատումը լինելու:
Օհանյանը նկատեց, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները բնակատեղիների ադրբեջանական անուններն են անընդատ ասում, որին հակառակ ադրբեջանական ղեկավարությունը Հայաստանի բնակավայրերն ադրբեջանական տեղանուններով են ներկայացնում:
Օհանյանը շեշտեց, որ երևույթը Հայաստանի ղեկավարության վրա ադրբեջանական ղեկավարության հերթական ճնշման արտահայտությունն է:
«Պատերազմում կրած պարտությունից հետո, այս ճնշումներն ու սադրանքները շարունակական են լինելու»,- հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ խորհրդարնական ընդդիմությունը խնդրի վերաբերյալ լսումներ է կազմակերպել, որպեսզի նաև պարզի, թե ադրբեջանական անվանումների հնչեցնելը հատո՞ւկ է արվում ՀՀ իշխանությունների կողմից, թե ոչ, իսկ ընդդիմությանը թվում է, որ հատուկ է արվում:
Նա հայտնեց, որ հասկանալի է, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախանշված տարածքները վերադարձվեցին, բայց այն տարածքները, որոնք ռազմավարական նշանակություն ունեին խաղաղության պայմանագրի կնքումից հետո իրական սահմանազատման և սահմանագծման ժամանակ, առանց մի կրակոցի ադրբեջանցիներին հանձնելն իրենց համար անհասկանալի է:
Սեյրան Օհանյանը տարակուսեց, թե ի՞նչ է նշանակում Խորհրդային Միության քարտեզ, կամ տարբեր այլ քարտեզներ, որո՞նք են դրանց իրավական հիմքերը, որտե՞ղ են այդ քարտեզները ճանաչվել:
Ըստ նրա՝ որևէ մեկն այսօր հանրությանն այդ մասին պարզ կերպով չի ներկայացնում և շեշտեց, որ դրա փոխարեն ունենք շատ գիտնականներ, որոնք պատմաիրավական փաստաթղթերով ապացուցում են, որ այդ տարածքները եղել են հայկական և խորհրդային տարիներին նման ճնշումների արդյունքում անցել են ադրբեջանցիներին:
Ներկայացվածից Սեյրան Օհանյանը եզրակացրեց, որ պետք էր կանգնել այնտեղ, որտեղ պատերազմը ավարտվել էր:
«Այնտեղ, որտեղ առանց որևիցե մի հենքի, իրավական փաստաթղթի դիրքերն անցել են ադրբեջանցիներին, և եթե հետագայում իրական սահմանագծման և սահմանազատման հետևանքով մենք հասկանանք, որ այն հայկական է, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ սահմանից հետ շպրտել»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան