Դատավորը՝ Սեդա Սաֆարյանին. Չե՞ք հասկանում՝ ինչ եմ ասում Ձեզ
Վերաքննիչ դատարանում մինչ դատախազների բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումն էր ներկայացնում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը սկսեց խոսել տեղից։
«Հարգելի դատարան, ի՞նչ կապ ունի էս բոլորը...»,- ընդհատեց Պողոսյանի խոսքը Սաֆարյանը։
«Տիկին Սաֆարյան, Ձեզ որևէ մեկը թույլ չի տվել արտահայտվել, նստեք, ասում եմ։ Երբ որ Դուք խոսում էիք, Ձեզ չէին խանգարում պաշտպանական կողմից»,- արձագանքեց նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը՝ չկարողանալով լռեցնել Սաֆարյանին։
«Դուք էիք խանգարում»,- հակադարձեց Սաֆարյանն ու շարունակեց խոսքը՝ խլացնելով դատավոր Հովակիմյանի ձայնը։
«Նստեք հանգիստ, խանգարում եք նիստը»,- ասաց դատավորն ու նկատողություն հայտարարեց Սեդա Սաֆարյանին, նշեց՝ ակնկալում է, որ նա պաշտպանների՝ հատկապես պաշտպան Պողոսյանի նկատմամբ պարտավոր է հարգալից վերաբերմունք ունենալ։
Սրանից հետո Սաֆարյանը հունից դուրս եկավ, ոտքի կանգնեց, բարձր ու արագ-արագ ինչ-որ բաներ հայտարարեց դատավորի խոսքին զուգահեռ։
«Նստեք, նստեք, չե՞ք հասկանում՝ ինչ եմ ասում, Ձեզ նկատողություն եմ հայտարարել, սանկցիա է կիրառված Ձեր նկատմամբ»,- ասաց դատավորը։
«Դուք մենակ իմ նկատմամբ եք կարողանում սանկցիա կիրառել, բա էդքան կարողանայիք, էս օրի կլինե՞ր գործը»,- շարունակեց Սաֆարյանը։
«Դուք արդեն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եք փորձում դրսևորել, ես արդեն ասացի, որ Ձեր նկատմամբ սանկցիա է կիրառվել»,- ասաց դատավորն ու Միհրան Պողոսյանին առաջարկեց շարունակել խոսքը։
Ավելի ուշ Սեդա Սաֆարյանը լքեց դատարանի դահլիճը՝ ասելով, որ այլևս չի ցանկանում լսել, դիրքորոշում չի հայտնելու, «այստեղ իրավաբանության հետ չկապված բաներ են քննարկվում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյան․ Առաջին ատյանի դատարանի որոշման բեկանումը հակաիրավական վիճակ կստեղծի
- Հովհաննես Խուդոյան․ Հնարավոր չէ քրեադատավարության օրենսդրությունը շրջել այնպես, որ դատախազության ցանկությունն իրականանա
- Էրիկ Ալեքսանյան. Դատարանն ուղղակի այլընտրանք չուներ, քան քրեական հետապնդումը դադարեցնելը
- Դատավորն ընդհատեց Սեդա Սաֆարյանին
- Պաշտպան Կարեն Մեժլումյանը վերաքննիչ դատարանին խնդրել է քննությունն այսօր չավարտել