Եվրոպական ժառանգության օրեր՝ Մեծամորից Էրեբունի
Սեպտեմբերի 18-ին և 19-ին կայանալիք Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը միացել են Էրեբունի և Մեծամոր թանգարանների նախաձեռնությանը՝ հայ հանրությանը ներկայացնելու հայկական ժառանգության հարստությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հանրային դիվանագիտության և լրատվության բաժնից։
Էքսկուրսիաների, աննախադեպ ցուցահանդեսների, հնագիտական պեղումներին և խեցիներին նվիրված ներածական սեմինարների, կոնֆերանսների և գրքի շնորհադեսի միջոցով փորձ է արվում լայն հանրության շրջանում հետաքրքրություն առաջացնել Հայաստանի պատմական ժառանգության բազմազանության, դրա պահպանության կարևորության և հնագիտության գաղտնիքների նկատմամբ։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Միջոցառումը կազմակերպվում է լայն հասարակության, ընտանեկան լսարանի, ինչպես նաև հնագիտական աշխարհին քաջածանոթ հանրության համար, ովքեր կարող են այցելել Էրեբունի հնավայր՝ սեպտեմբերի 18-ին և Մեծամորի հնավայր՝ սեպտեմբերի 19-ին։
Ֆրանսիան և Լեհաստանը ակտիվորեն համագործակցում են Հայաստանի հետ՝ հնագիտության և հետազոտությունների բնագավառում, կազմակերպելով պեղումներ՝ համապատասխանաբար Էրեբունի և Մեծամոր հնավայրերում։ Այսպիսով, 2021թ․Եվրոպական ժառանգության օրերը լավ առիթ են՝ ներկայացնելու պատմահնագիտական այս երկու արշավախմբերը և լայն հասարակությանը հնարավորություն տալու բացահայտել դրանց կարևորությունը։
Պատմական համագործակցություն Ֆրանսիայի և Էրեբունի հնավայրի միջև
2008թ․մեկնարկած Էրեբունի հնավայրին նվիրված առաքելությունը, որին աջակցում է Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարությունը, նպատակ ունի նոր լույս սփռել Մերձավոր Արևելքի դեռևս անհայտ ժամանակաշրջանի վրա, որը տեղակայվում է Ուրարտուի թագավորության փլուզման և Հայաստանի՝ Աքեմենյան Պարսկական կայսրությանը ինտեգրման ժամանակահատվածում:
Եվրոպական ժառանգության օրերի ընթացքում կներկայացվեն Էրեբունու հնագիտական պեղումների արդյունքերը՝ Ֆրանսերենով կազմակերպված մի շարք միջոցառումների, այդ թվում Էրեբունու եռաչափ վերակազմությունը պատկերող ֆրանս-հայկական աշխատության միջոցով։
Այս միջոցառումն ընդհանուր առմամբ նպատակաուղղված է Հայաստանի հետ Ֆրանսիայի համագործակցության խորացմանը Հայաստանի պատմական ժառանգության պահպանության և արժևորման բնագավառում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում