Պարզվել է, որ Հարավային բևեռում գտնվող օզոնային անցքն ավելի մեծ է, քան Անտարկտիդան
Հարավային բևեռի վրա ձևավորված օզոնային շերտի անցքը չափերով գերազանցել է Անտարկտիդան և, փորձագետների կարծիքով, առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում կշարունակի մեծանալ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշված է Copernicus արբանյակային մոնիտորինգային ծրագրի մթնոլորտի մոնիթորինգի ծառայությունը:
Գիտնականները նշել են, որ օզոնային անցքի զգալի աճ է գրանցվել վերջին երկու շաբաթվա ընթացքում և ներկայումս 1979 թվականից ի վեր մասնագետների հայտնաբերված ամենամեծ անցքերի 25%-ի մեջ է մտնում:
«Դա շատ նման է անցյալ տարվան, երբ նույնպես մինչև սեպտեմբերի սկիզբ արտասովոր բան չկար, բայց հետո վերածվեց մեր դիտարկումների պատմության մեջ ամենամեծ և ամենաերկարատևներից մեկը: Այս մեկը բավականին կայուն է, և ջերմաստիճանը ստրատոսֆերայում նույնիսկ ավելի ցածր է, քան անցյալ տարի, ուստի անցքը կարող է շարունակել աճել ևս երկու-երեք շաբաթից մի փոքր ավելի»,-ասում է Copernicus ծրագրի մթնոլորտային մոնիթորինգի տնօրեն Վինսենթ-Անրի Պեշը:
Անտարկտիդայի վրա օզոնի նախորդ անցքը փակվել էր 2020 թվականի դեկտեմբերի վերջին: ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունը՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO), նշել է, որ անցքն անցյալ տարի արագորեն աճել է օգոստոսի կեսերից և սեպտեմբերի 20-ին հասել է 24.8 միլիոն քառակուսի կիլոմտերի:
Բացի այդ, այն դարձել էր օզոնային շերտի երբևէ դիտարկված ամենաերկար, ամենաընդարձակ և ամենախորը երևույթներից մեկը: Դա պայմանավորված էր ուժեղ, կայուն և սառը բևեռային հոսանքններով և ստրատոսֆերայում շատ ցածր ջերմաստիճաններով: WMO- ն բացատրել է, որ նույն օդերևութաբանական գործոնները նպաստեցին Արկտիկայի վրա օզոնային ռեկորդային անցքի առաջացմանը 2020 թվականին՝ հիշեցնելով, որ 2019-ին Անտարկտիկայի վրա օզոնային անցքը անսովոր փոքր էր և կարճատև:
Օզոնային շերտը, որը գտնվում է ստրատոսֆերայում ՝ Երկրի մակերևույթից 10-40 կմ հեռավորության վրա, գազային ծածկույթ է, որը պաշտպանում է մոլորակը Արեգակից եկող ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար հետևանքներից: 1980 թվականներին պարզվեց, որ մթնոլորտում օզոնն արագորեն նվազում է՝ քլորֆտորածխածնի, հալոնների և այլ գազերի բարձր կոնցենտրացիայի պատճառով, որոնք լայնորեն օգտագործվում էին որպես սառեցուցիչներ սառնարանների և օդորակիչների համար, ինչպես նաև աերոզոլային տարաներում և կրակմարիչներում: