Երկաթուղային գծանցումում արտակարգ դեպք է տեղի ունեցել
Սեպտեմբերի 16-ին, ժամը 11-ի սահմաններում, Արարատ քաղաքի մոտ գտնվող և ճանապարհային նշաններով հագեցած կարգավորվող երկաթուղային գծանցումում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երկաթուղային գծերը հատող 35AQ419 պետհամարանիշներով բեռնատար մեքենայից ընկել է մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր:
Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից հայտնում են, որ դրա արդյունքում, Երևանից Երասխ ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը արգելափակվեց երկու ժամով, մինչև փոխադրումն իրականացնող «Վեկս» կազմակերպությունը հեռացնում էր խոչընդոտը:
Միջադեպը տեղի է ունեցել տրանսպորտային միջոցի թափքի քանդվելու պատճառով: Իսկ գծանցումը հագեցած է հատուկ ռետինե հատակով, որն ապահովում է մաքսիմալ հարթ ճանապարհը:
Վթարի արդյունքում Հարավկովկասյան երկաթուղին կրել է մեծ գործառնական ծախսեր` կոնտակտային ցանցում էլեկտրաէներգիայի անջատման, միջադեպի վայրի առաջիկա ախտորոշման և հնարավոր վերանորոգման տեսքով: Տուժածներ չկան, էլեկտրագնացքների չվացուցակը չի խախտվել: