Սահմանների ամրապնդում, լայնածավալ զորավարժություններ. ինչ են համաձայնեցրել ՀԱՊԿ երկրների ղեկավարները Դուշանբեում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցող երկրներն այսօր պայմանավորվել են ամրապնդել կազմակերպության հարավային սահմանները Աֆղանստանում իրավիճակի ֆոնին: Մեկ ամսից նրանք մի շարք լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանում: Այս մասին գրում է Tass-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ինքնամեկուսացման պատճառով հանդիպմանը մասնակցել է տեսակապով, հայտարարել է, որ «մեղմ ասած, Աֆղանստանից արևմտյան զորքերի հապճեպ» դուրսբերումը հանգեցրեց նրան, որ ՀԱՊԿ-ի համար առաջ եկան «նոր, իսկապես» սուր մարտահրավերներ և ռիսկեր»:
Գագաթնաժողովի մասնակիցների հիմնական հայտարարություններն ու որոշումները
Աֆղանստան
Հավաքական անվտանգության խորհուրդը, որի մեջ մտնում են ՀԱՊԿ երկրների ղեկավարները, կոչ է արել «հակամարտության մեջ ներգրավված բոլոր աֆղանական կողմերին հնարավորինս արագ սկսել խաղաղ կարգավորման առարկայական բանակցություններ»: Կազմակերպությունը նպատակահարմար է համարում «օգտագործել առկա բանակցային հնարավորությունները», ներառյալ ընդլայնված «եռյակի» մեխանիզմը (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան և Պակիստան) և մոսկովյան ձևաչափը:
ՀԱՊԿ-ը կարագացնի տաջիկ-աֆղանական սահմանի ամրապնդման նպատակային ծրագրի ընդունումը, և մեկ ամսից Տաջիկստանում մի շարք լայնածավալ զորավարժություններ կանցկացնի՝ իրավիճակի սրման դեպքում գործողություններ կատարելու համար:
ՀԱՊԿ-ը հստակեցրեց օպերատիվ տեղակայման ծրագիրը և Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմը և ընդունեց դրանք ժամանակակից զինատեսակներով, ռազմական և հատուկ տեխնիկայով վերազինելու ծրագիրը:
Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ իրավիճակը Աֆղանստանում «զարգանում է դեպի լուրջ ապակայունացում՝ հղի քաղաքացիական պատերազմով»:
Արտաքին քաղաքականություն
Գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ՀԱՊԿ երկրները վերահաստատեցին իրենց «միասնությունն ու վճռականությունը՝ հետևողականորեն աշխատելու միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խորացնել կազմակերպության երկրների արտաքին քաղաքական համակարգումը և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը, ինչպես նաև թարմացնել «ճգնաժամին արձագանքման մեխանիզմները»:
Հռչակագրում նշվում է, որ ՀԱՊԿ-ը կուժեղացնի համագործակցությունը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԵԱՀԿ-ի հետ՝ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»:
Բացի այդ, կազմակերպությունը կունենա խաղաղապահության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ինստիտուտ:
Կազմակերպության ներսում
ՀԱՊԿ երկրները կստեղծեն ռազմական ոստիկանության, քննիչների, դատախազների և դատարանների (տրիբունալների) համագործակցության մեխանիզմ՝ այն անձանց դեմ գործերով, որոնք մտնում են հավաքական անվտանգության համակարգի կազմավորումներում:
Կողմերը պայմանավորվել են ավելի մեծ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանական ձեռնարկությունների համագործակցությանը: Ավելի վաղ կազմակերպության անդամները նախապես հաստատել էին ռազմաարդյունաբերական համալիրում համագործակցության ռազմավարությունը. նախատեսվում է պատրաստել կոնկրետ համաձայնեցված առաջարկներ մինչև 2022 թվականը:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է մշակել գործողության մեխանիզմ ՀԱՊԿ անդամ մի երկրի կողմից մյուսի վրա հարձակման դեպքում: Նա կրկին ուշադրություն է հրավիրել հանրապետության՝ Տաջիկստանի հետ սահմանին շարունակվող լարվածության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ժապարովը կոչ է արել ՀԱՊԿ-ին՝ մշակել դաշինքի անդամ երկրներից մեկի կողմից մյուսի դեմ ագրեսիայի դեպքում գործողությունների մեխանիզմ
- Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը
- Պուտինը գնահատել է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում
- Պուտինը ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը կմասնակցի տեսակապով
- ՀԱՊԿ -ը կունենա կենսաբանական անվտանգության հարցերով խորհուրդ
- Զաս․ՀԱՊԿ-ը Տաջիկստանին կտրամադրի ռազմական և դիվանագիտական օգնություն սահմանին իրավիճակի սրման դեպքում