Մոսկվայի լաբորատորիայի տվյալների պատճառով հակադոպինգային կանոնները խախտելու մեջ մեղադրվել է 63 մարզիկ
Մոսկվայի լաբորատորիայի տվյալների վերստուգումից հետո 63 մարզիկի մեղադրանք է առաջադրվել հակադոպինգային կանոնների խախտման համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հաղորդագրության մեջ:
Արդեն երեսուն մարզիկի նկատմամբ կիրառվել է պատժամիջոց, իսկ ևս 33 մարզիկ մեղադրվում են հակադոպինգային կանոնները խախտելու մեջ:
2018 թվականի սեպտեմբերին WADA-ի գործադիր կոմիտեն վերականգնել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության (RUSADA) ամբողջական կարգավիճակը, որից զրկվել էր 2015 թվականի նոյեմբերին: 2019 թվականի հունվարին WADA-ն հայտարարեց, որ գործակալության փորձագետները հաջողությամբ տվյալներ են ձեռք բերել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների բազայից: Ավելի ուշ Ռուսաստանին մեղադրեցին տվյալների բազայի տվյալները շահարկելու մեջ: WADA-ի գործադիր կոմիտեն 2019 թվականի դեկտեմբերին, այս մանիպուլյացիաների պատճառով, RUSADA-ին ճանաչեց հակադոպինգային օրենսգրքին չհամապատասխանող:
Սպորտի արբիտրաժային դատարանը (CAS) 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հրապարակեց WADA-ի և RUSADA-ի միջև վեճի վերաբերյալ որոշումը: CAS-ի որոշման համաձայն, երկու տարի՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը ռուս մարզիկները չեն կարողանա միջազգային մեծ մրցումներում հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո: WADA-ն շարունակում է վերահսկել CAS որոշման կատարման ընթացքը: