Քրիստինա Օգանեզզը կներկայացնի «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագիծը
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը կհյուրընկալի նկարչուհի Քրիստինա Օգանեզզի (Kristina Oganezz) «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագիծը: «Սուրբ Հոգու թռչունն» իր բնույթով յուրատեսակ ցուցահանդես-քարոզ է, ինչն էլ ավելի յուրահատուկ է դարձնում այս իրադարձությունը:
Թանգարանից հայտնում են, որ իր տեսակով բացառիկ այս նախագիծը նպատակ ունի խթանել, որ յուրաքանչյուր քրիստոնյա ճանաչի Աստծուն Աստվածաշնչի միջոցով և Նոր Կտակարանը դարձնի իր սեղանի գիրքը՝ ընթերցելով, սերտելով ու հավատով լցվելով առ Աստված։
«Մի օր Աստծուն հարցրեցի. «Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ Քեզ համար: Ինչպե՞ս կարող եմ ծառայել Քեզ ինձ շնորհված տաղանդով»: Ծնվեց նոր գաղափար նկարների նոր հավաքածուի վերաբերյալ և հավատում եմ, որ հենց Սուրբ Հոգին հուշեց ինձ այս նախագիծը իրականություն դարձնել։ Գաղափարն այն է, որ սև կտավի վրա ոսկե թռչնատառերով նկարել եմ միայն Աստվածաշնչի գլուխների և տողերի անվանումները: Տառերն ու նշանները օգտագործվել են հին հայկական այբուբենից և զարդանախշերից՝ «թռչնատառեր»-ից»,- պատմում է հայ նկարչուհին:
Ի դեպ, հայկական թռչնատառերը և նրանց մշակութային արտահայտությունները ներառված են 2019-ին UNESCO-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:
Առաջին անգամ հանրությունը ականատես կլինի ոչ միայն թռչնատառերի, այլև թռչնաթվերի: Նշենք, որ Քրիստինա Օգանեզզը թռչնաթվերի ստեղծման գաղափարի հեղինակն է։ Թռչնաթվերն առաջին անգամ կներկայացվեն հենց այս արտ նախագծի շրջանակում՝ դառնալով հայկական մշակույթի ինքնատիպ զարդերը։
«Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագծի համադրողն է հայտնի արտ համադրող, արվեստի քննադատ Ջուզեպե Ուսանի դ՛Էսկոբարը:
Հայաստանում ծնված նկարչուհի Քրիստինա Օգանեզզն արվեստի աշխարհ մուտք գործեց ընդամենը 3 տարեկանում՝ հաճախելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն։ Որպես տաղանդավոր երեխա՝ մանուկ հասակում մասնակցել է բազում ցուցահանդեսների։
Դեռահասության շրջանում շարունակել է նկարել, այնուհետև նաև սովորել գրաֆիկ դիզայն և լուսանկարչություն։ Արվեստի մասնավոր դասեր է վերցրել հայ հայտնի արվեստագետներից՝ էլ ավելի կատարելագործելու սեփական նկարչական հմտությունները։ Հայ նկարիչը նաև լեզվաբանի և տնտեսագետի կրթություն ունի։
Քրիստինա Օգանեզզն Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է, նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:
Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:
Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես՝ Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:
2020 թ. Օգանեզզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները