Պատերազմի ընթացքում 55 դաշնակցական է զոհվել․ Իշխան Սաղաթելյան
2020թ-ի սեպտեմբերի 27-ին, պատերազմը հայտարարելուց երկու ժամ հետո ՀՅԴ ԳՄ հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ մենք պետության և բանակի կողքին ենք։ Այս մասին «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում հիշեցրեց «Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե վերջին պատերազմի ընթացքում դաշնակցական ղեկավար կազմից քանիսն են մասնակցել։
«Դրանից երեք ժամ հետո Արամ Մանուկյանի արձանի դիմաց Դաշնակցության առաջին վաշտը շարված էր, որը մեկնեց սահման։ Բանակից հետո երկրորդ կազմակերպված ուժը եղել է ՀՅԴ կամավորական խումբը։ Աշխատանքները համակարգել է Հրանտ Մարգարյանը։ ՀՅԴ ղեկավար Սիմոն Սիմոնյանը եղել է առաջնագծում, այդ թվում ԳՄ անդամներ՝ Պետրոս Մեղրյանը, Արթուր Խաչատրյանը, որոնք պարբերաբար այցելել են և ամեն մեկն իր ֆունկցիան է ունեցել։ ՀՅԴ քաղաքական ողջ ղեկավարությունը ներգրավված է եղել այդ պրոցեսին, որոշներն առաջին գծում, որոշները՝ թիկունքում»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է իր մասնակցությանն, ապա Իշխան Սաղթելյանը նախ հիշեցրեց, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում առաջին օրից եղել է առաջնագծում, իսկ այս պատերազմի ժամանակ այլ գործառույթ է իրականացրել։
«Այս պատերազմի ընթացքում ունեցել եմ այլ գործառույթներ։ Լինելով կուսակցության քաղաքական ղեկավարությունում, ունեցել եմ քաղաքական աշխատանքներ կատարելու պարտականություններ։ Զուգահեռ 2 անգամ այցելել եմ Արցախ։ Եղել եմ առաջնագծում՝ զուտ ընկերներիս տեսակցելու։ Դաշնակցությունը չորս վաշտ է ունեցել առաջնագծում։ Նրանց անհրաժեշտ պարագաներով ապահովելու խնդիր է եղել»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբ՝ պատերազմի 44 օրերի ընթացքում հսկայական քաղաքական աշխատանք են իրականացրել՝ նաև հանդես գալով տարբեր առաջարկություններով, այդ թվում՝ օպերատիվ շտաբ ատեղծելու։
«Ինչ, ինչ, բայց Դաշնակցությանը մեղադրել պատերազմին չմասնակցելու կամ կիսատ մասնակցելու մեջ, չի անցնում։ Այդտեղ մենք առանց աչք թարթելու մեծից փոքր, շարքայինից ղեկավար, առաջին գծում էինք։ Ցավոք, մենք ունեցել ենք զոհեր, 55 դաշնակցական է զոհվել պատերազմի ընթացքում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան