«Հայկական ժամանակ» օրաթերթն այլևս չի տպագրվում. «Հրապարակ»
«Hraparak.am»-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի հիմնադրած և նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն այլևս չի տպագրվում, փոխարենը կաշխատի թերթի առցանց տարբերակը՝ «Armtimes.com»-ը։
«Armtimes.com»-ի լրագրողներից Անյուտա Աթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թերթը չի տպագրվում սեպտեմբերից։ Հարցին, թե ինչ պատճառով չի տպագրվում, Աթանեսյանն ասաց, որ պատճառները տեխնիկական են, և դեռ հայտնի չէ, թե երբ կտպագրվի թերթը, կամ ընդհանրապես` կվերականգնվի՞ տպագրությունը, թե՞ ոչ։
Նշենք, որ 1999 թվականին «Օրագիր» պարբերականի փակվելուց հետո Նիկոլ Փաշինյանի ջանքերով վերականգնվեց «Հայկական ժամանակ»-ի տպագրությունը։
Մինչև 2008 թվականի մարտի 1-ը թերթի գործող գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 2008-2011 թվականից գլխավոր խմբագրի պարտականությունները կատարել է Աննա Հակոբյանը։ 2012 թվականին Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։
Նշենք նաև, որ թերթի բաժնետերերից Պետրոս Մակեյանը վաճառքի էր հանել իր բաժնեմասը, որը կազմում էր 10 տոկոս, քանի որ չէր ուզում գործ ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հավելենք, որ, մեր տեղեկություններով, ՀԺ լրագրողական գրեթե ողջ կազմը տեղափոխվել է Հանրային հեռուստատեսություն: Թերևս նաև լրագրողների բացակայությունն է թերթը փակելու պատճառը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան