Համաշխարհային բանկը դադարեցնում է Doing Business ամենամյա վարկանիշային աղյուսակի հրապարակումը
Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցնում է Doing Business ամենամյա վարկանիշային աղյուսակի հրապարակումը, որը գնահատում է տարբեր երկրներում բիզնես վարելու պայմանները՝ նախորդ տարիներին վարկանիշների պատրաստման ընթացքում թույլ տված խախտումների պատճառով: Այս մասին գրում է DW-ն։
«Համաշխարհային բանկը որոշեց դադարեցնել Doing Business զեկույցի հրապարակումը: Հետագայում մենք կաշխատենք բիզնեսի և ներդրումային միջավայրի գնահատման նոր մոտեցման վրա», - ասված է բանկի հայտարարության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 16-ին:
Վարկանիշային աղյուսակի հրապարակումը դադարեցվել է WilmerHale ընկերության կողմից անցկացված աուդիտի արդյունքում: Դրանից, մասնավորապես, հետևում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան, երբ 2017 թվականին Համաշխարհային բանկի գլխավոր տնօրենն էր, ճնշում է գործադրել աշխատակիցների վրա՝ նրանց ստիպելով Չինաստանի վարկանիշը գնահատելիս օգտագործել այլ մեթոդներ և դրանով իսկ բարելավել այն։
Արդյունքում, Չինաստանին հաջողվել էր պահպանել իր վարկանիշը 78 հորիզոնականում 2018 թվականին, թեև իրականում պետք է յոթ հորիզոնական նահանջեր: Գեորգիևան հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները:
Նշենք, որ Համաշխարհային բանկը կազմել է Doing Business վարկանիշը 2002 թվականից:
Գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմանները գնահատվել են տասը կատեգորիաներով`ձեռնարկությունների գրանցում, շինարարության թույլտվության ստացում, էլեկտրական ցանցերին միացում, գույքի գրանցում, վարկերի ձեռքբերում, հարկերի վճարում և այլն:
Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցում Հայաստանը 190 տնտեսությունների շարքում զբաղեցրել էր 47-րդ տեղը՝ 2019-ի 41-րդի համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան