ԵԱՀԿ ԽՎ նախագահ․ Չնայած ԼՂ-ում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել տևական խաղաղության երաշխավորման համար
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը նախօրեին ԵԱՀԿ Մշտական խորհրդում իր առաջին ուղերձում խոսել է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների վերաբերյալ, հորդորել է ԵԱՀԿ-ում ավելի սերտ համագործակցություն իրականացնել։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ից։
Սեդերֆելտը, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, շեշտել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն` տեղում խաղաղ բնակիչների տառապանքը թեթևացնելու համար:
«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր լավ համագործակցության վրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու այս խաղաղ գործընթացին»,-ասել է Սեդերֆելտը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ վերջին զարգացումները, ինչպիսիք են ռուսական Գուկովո և Դոնեցկ անցակետերում ԵԱՀԿ դիտորդական առաքելության հայտարարված փակումը և 2021 թվականի ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման հանդիպումը չեղյալ հայտարարելու անմիջական վտանգը մտահոգիչ են: Ընդգծելով վստահության ամրապնդման մեխանիզմների ամրապնդման և քաղաքացիական հասարակության ներդրումը երաշխավորելու անհրաժեշտությունը`Սեդերֆելտը կարևորել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը՝ որպես ավելի մեծ համագործակցության հույսի և ողջունել «Կանանց, խաղաղության և անվտանգության» օրակարգը, որը 2021 թվականին Շվեդիայի նախագահության գլխավոր առաջնահերթությունն էր:
Նա ընդգծել է անհրաժեշտությունը, որ դիտորդները կարողանան անարգել աշխատել և ներկա գտնվեն Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև սահմանի ողջ երկայնքով: Նա կրկնել է ԵԱՀԿ ԽՎ-ի բազմիցս դատապարտումը Ուկրաինայի տարածքի օկուպացիայի վերաբերյալ և մտահոգություն հայտնել Ուկրաինայում և նրա շրջակայքում վերջին ռազմական կուտակումների կապակցությամբ:
«Աֆղանստանում՝ մեկ ամիս առաջ Քաբուլի անկումից ի վեր, աճում են մտահոգությունները Կենտրոնական Ասիայում և դրա սահմաններից դուրս անվտանգության արտահոսքի վերաբերյալ: Մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք վերաբերվում Աֆղանստանի հետ Գործընկերությանը ապագայում»,-ասել է Սեդերֆելտը։
Վրաստանի թեմայով Սեդերֆելտն ափսոսանք է հայտնել, որ 2008 թվականի օգոստոսի հակամարտությունից 13 տարի անց էական առաջընթաց չի գրանցվել հրադադարի ռեժիմի վեց կետից բաղկացած համաձայնագրի իրականացման ուղղությամբ:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ ապահովել դրա կիրառումը տառով և ոգով, մասնավորապես՝ մարդասիրական օգնության հասանելիություն տրամադրելով», - ասել է Սեդերֆելտը:
Մոլդովայի վերաբերյալ Սեդերֆելտը հույս է հայտնել, որ վերջին նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների կողմից տրված հստակ մանդատը կբացահայտի առաջընթացը Մերձդնեստրի կարգավորման գործընթացում:
«Ես բոլոր դերակատարներին կխրախուսեի աջակցել ԵԱՀԿ նախագահի ջանքերին՝ առաջիկա ամիսներին 5+2 հանդիպում գումարելու համար», - ասել է նա:
Կլիմայի փոփոխության նկատմամբ աճող մտահոգությամբ՝ նա նաև նշել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարթությունում համագործակցության բարձր մակարդակը։
Ինչ վերաբերում է Բելառուսում տեղի ունեցող զարգացումներին, թեև նախկինում Խորհրդարանական վեհաժողովի հետ փոխանակումները որոշակի դրական արդյունքներ տվել են, նա ափսոսանք է հայտնել, որ Մինսկի իշխանությունները չեն ընդունել ներառական երկխոսությունը հեշտացնելու առաջարկները: Սեդերֆելտը նաև մտահոգություն է հայտնել, որ միգրանտներն օգտագործվում են Բելառուսի և Եվրամիության սահմանին ճգնաժամ ստեղծելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան