«Արցախում կոռուպցիան լայն թափ է ստացել»
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող արցախցի տղամարդը Հայաստանի իշխանություններից պահանջում է վերահսկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
«Արցախում նորից կոռուպցիան լայն թափ է ստացել։ Մեծ հույս չունենք Հայաստանի իշխանություններից, քանի որ մենք ներկայացրել ենք, թե ինչ սոցիալական անարդարություն է տեղի ունենում Արցախում։ Արցախի նախագահը ոնց որ եղել է... համ հին է, համ նոր է, նորից իր գործը շարունակում է»,-ասում է տղամարդը։
Նրա կարծում է, որ պարտություն կրած Արցախում որոշել են բնակիչներին փոխհատուցում տալ մի «պարզ պատճառով»։
«Արաքսի ափից մինչև Քարվաճառ սաղ եղել է Արայիկ Հարությունյանինը՝ արտերը, այգիները, ՀԷԿ-երը, գործարանները, սա սոցիալական անարդարություն է։ Մենք պահանջում ենք, որ փոհատուցումները հանրայնացվեն, խոստացել են, բայց մինչ այս պահը չկա։ Թափանցիկություն չկա, այստեղից ուղարկված գումարները նպատակային չեն օգտագործվում»,-ասաց քաղաքացին։
Նրա խոսքով, Արցախի գյուղերի բնակիչները զրկված են սոցիալական օգնությունից, չեն օգտվում աջակցության որևէ ծրագրից։