Դժվար է բանակցություններ սկսել առանց փոխվստահության ամրապնդման․ ԵՄ դեսպան
Սեպտեմբերի 17-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:
Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Նախարարը, մասնավորապես ընդգծել է COVID-19-ի դեմ պայքարի նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը: Քննարկվել է 2020թ. հուլիսից մեկնարկած «Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի» ընթացքը:
Արդյունավետ է գնահատվել նաև ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագիրը, որի շրջանակում 2021թ. սեպտեմբերի 15-ից 16-ը ԱԻՆ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնակցությամբ: Նախարար Փիլոյանը կարևորել է ԵՄ դերը աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ, ինչպես նաև նորարական գիտատեխնիկական և հետազոտական ծրագրերի աջակցության գործում՝ ինչպիսին «Հորիզոն 2020» ծրագիրն է։
Դեսպան Անդրեա Վիկտորինը ևս բարձր է գնահատել իրականցվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ ԵՄ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը՝ իր մանդատի շրջանակներում։ Միաժամանակ տիկին դեսպանը մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ դժվար է բանակցություններ սկսել առանց փոխվստահության ամրապնդման։ Այս համատեքստում նա վերահաստատել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան