Այսօր շատ հերոս տղաների մայրեր պատրաստվում են երեխա ունենալ, հենց այդպես է կյանքը շարունակվում, ոչ թե ռաբիս հրավառությամբ. Նազարյան
44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներ, հարազատներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելու կառավարությանը չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ միջոցառումը:
«Հերոս տղաների ծնողները հանդես եկան հայտարարությամբ կամ գրառումներով, կոչ արեցին գունագեղ շոուն, հրավառությունը չեղարկել: Դրանից հետո արձագանքն այն եղավ, որ վերանայվեցին ինչ-ինչ բաներ, հրավառությունը հանեցին, ուրախ կատարումները հանեցին և այլն: Բայց երևույթը…»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում:
Նա նշեց, որ որևէ մեկը չի ասում՝ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի, խնդիրն այն է, որ գունագեղ շոուներով, մեծածավալ ծախսատար միջոցառումներով նշել Անկախության տոնը այն դեպքում, երբ 6 օրից պատերազմի առաջին տարելիցն է, տղաների շիրիմները թարմ են, դեռ կան գերիներ ու անհետ կորած հարյուրավոր տղաներ, որոնց փնտրում են, անընդունելի է:
«Այս իրավիճակում նման մեծածավալ շոու կազմակերպեն, իրոք, անընդունելի է: Կարելի էր խորհրդակցել, եթե իրենք չէին պատկերացնում կամ գնահատում առկա իրողությունները, հերոս տղաների, գերիների ծողների հետ, հարցնել նրանց տեսակետը, թե ինչ են մտածում այդ ամենի մասին»,- ասաց Գ. Նազարյանը:
Նա նշեց, որ կապ չունի, թե ինչ երաժշտություն է հնչելու, այս իրավիճակում մեծածավալ ճոխ միջոցառում նշելն ինքնախաբեություն է:
Գեղամ Նազարյանի խոսքով, պետք է բոլորովին այլ ձևաչափով կազմակերպել անկախության տոնը:
«Փորձ արվեց աշխարհին և հարևան երկրներին ասել՝ գիտեք, այս ժողովուրդը մոռացել է ամեն ինչ, հաշտվել է առկա իրողությունների հետ, հիմա էլ քեֆ-ուրախություն է անում: Ճնշումների հետևանքով հրավառությունը հանվեց, մնաց սիմֆոնիկ երաժշտությունը, բայց …: Եթե ծնողների ընդվզումը չլիներ, քեֆ-ուրախություն էին անելու»,- ասաց նա:
Գ. Նազարյանն ասաց՝ այսօր շատ հերոս տղաների մայրեր պատրաստվում են երեխա ունենալ, հենց այդպես է կյանքը շարունակվում, ոչ թե հիմար ու ռաբիս հրավառությամբ:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ եղբայր զոհվել է հոկտեմբերի 24-ին, հիմա Եռաբլուրում է իր ընկերների մոտ:
«Բացի եղբորս կորստից, կորցրել եմ իմ հայրենիքը, իմ հայրենի քաղաքը, որտեղ կյանքի 20 տարիներն եմ անցկացրել: Իմ եղբայրը պաշտպանելով մեր քաղաքը՝ նրա գործն էլ, սուրբ պարտքն էլ դարձավ առ ոչինչ:
Հիմա այսօր ներկա իշխանությունը փորձում է բոլորի հիշատակը պղծել՝ բարձրաձայնելով, որ նրանց հիշատակի առթիվ կազմակերպում է գունագեղ տոնախմբություն: Իհարկե, կարող էին կազմակերպել ինչ ուզում էին, թող անեին, բայց ոչ զոհվածների հիշատակը պղծելով: Իրենք ծիծաղում են մեզ վրա, իրենք այդ շիրիմների, անշիրիմ մնացած տղաների հիշատակը ծաղրում են, անարգում են, որերորդ անգամ պղծում են, ինչն անթույլատրելի է»,- ասաց նա:
Զոհված զինծառայողի քույրը հայտնեց, որ վաղը ժամը 15:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկելու է իրենց բողոքի ակցիաները՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ի տոնախմբությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Իշխանությունը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված է գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին»
- Գեղամ Նազարյան. Եղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի
- Չեղարկեք համերգը, զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվելու են Հանրապետության հրապարակում. Արսեն Ղուկասյան
- Անկախության տոնակատարությունների ժամանակ չի եղել մի տարի, որ չլինեն անհետ կորածներ և Եռաբլուրում թարմ շիրիմներ. Փաշինյանի համեմատությունը
- Զոհվածների հարազատները գունագեղ համերգը համարում են սրբապղծություն, նողկալի արարք
- «Գևիս մոտ ծաղիկները սևի հետ մի ուրիշ «գունագեղ» տեսարան են ստեղծում». Էլզա Կիրակոսյան
- «Այս պայմաններում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է»
- Պատերազմում զոհված ու անհետ կորած զինվորների հարազատները պահանջում են չեղարկել գունագեղ տոնակատարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին