Ի՞նչ հիմքերով է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով (CERD):
Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած հաղորդագրությունից, Հայաստանը պնդում է, որ «[տասնյակ տարիներ] Ադրբեջանը հայերին ռասայական խտրականություն է ենթարկել» և որպես «պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականության արդյունք՝ հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումների»։
Համաձայն Հայաստանի ներկայացրած գանգատի՝ այդ խախտումները ուղղված են հայ էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձանց դեմ՝ անկախ նրանց փաստացի քաղաքացիությունից:
«Հայաստանը պնդում է, որ «[այս] պրակտիկան հերթական անգամ առաջին պլան եկավ 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո» և որ «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել CERD-ի կոպիտ խախտումներ»:
Դիմումատուն պնդում է, որ «անգամ ռազմական գործողությունների ավարտից հետո», երբ հաստատվեց հրադադար 2020 թվականի նոյեմբերի 10-ին, «Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների, պատանդների և կալանավորված այլ անձանց նկատմամբ սպանությունները, խոշտանգումները և բռնությունների գործադրումը»»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դիմումի մեջ Հայաստանը, ի թիվս այլոց, պնդում է, որ Ադրբեջանը «պատասխանատվություն է կրում CERDճի օրենքը խախտելու համար՝ ներառյալ 2, 3, 4, 5, 6 և 7 հոդվածներով»:
Հայաստանը պնդում է, որ «Հայաստանի կողմից գործադրված բարեխիղճ ջանքերը՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից CERD-ի խախտումներին այլ միջոցներով, ձախողվել են», հետևաբար, Հայաստանը դատարանից պահանջում է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին CERD-ի խախտումների համար, կանխելու ապագա վնասը և փոխհատուցելու արդեն պատճառված վնասը»:
Որպես Դատարանի իրավասության հիմք, դիմողը վկայակոչում է Դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 1-ին պարբերությունը և CERD-ի 22-րդ հոդվածը, որոնց մասնակից են երկու պետություններն էլ:
Դիմումը պարունակում է նաև hայտ` Դատարանի կողմից մի շարք հրատապ միջոցների կիրառման համար՝ համաձայն Դատարանի կանոնադրության 41-րդ հոդվածի և Դատարանի կանոնակարգի 73-րդ, 74-րդ և 75-րդ հոդվածների:
«Ըստ դիմումատուի, իր դիմումի նպատակն է «պաշտպանել և պահպանել Հայաստանի իրավունքները և հայերի իրավունքները հետագա վնասներից, և կանխել այս վեճի սրումը կամ երկարացումը՝ մինչև դիմումում բարձրացված հարցերի էության որոշումը»: Հայաստանն, այսպիսով, Դատարանին խնդրում է որոշակի ժամանակավոր միջոցներ նշել՝ որպես «ծայրահեղ անհրաժեշտության դեպք»»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան