Ֆիննախ. Պաշտոնյաները, այդ թվում պատգամավորները պարգևավճար սկսել են ստանալ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո
Այսօր հերթական անգամ ԱԺ պատգամավորների հաշվին կլորիկ գումար է նստել՝ յուրաքանչյուրին ավելի քան 380 հազար դրամ։ Ասում են՝ Անկախության հռչակման 30-ամյակի առթիվ է։
Սա այն պարագայում, երբ հետպատերազմյան ճգնաժամի ու համավարակի ճիրաններում գտնվող Հայաստանը հազար ու մի սոցիալական, տնտեսական խնդիր ունի։ 107 պատգամավորին տրամադրած մոտ 41 մլն դրամ պարգևավճարով կարելի էր օրինակ մարզերում ապրող ու տուն չունեցող վիրավորում ստացած մի քանի զինծառայողի բնակարան նվիրել։ Այդ դա համահունչ կլիներ անկախության ոգուն, թե չէ պարգևավճար ստանում են Հայաստանի անկախությանը, անվտանգությանը մեծապես վնաս հասցրած իշխանության պատգամավորները։
Ի դեպ, իշխանական պատգամավորներից ոչ մեկ գումարը պետբյուջե վերադարձնելու, բարեգործական ծրագրերին տրամադրելու մասին դեռ չի հայտարարել։ Հենց ՔՊ-ական պատգամավորների խորհրդարանում հայտնվելուց հետո պետբյուջեից սկսվեց նրանց գրպանները պարգևավճար հորդել, աշխատավարձն էլ կտրուկ բարձրացավ։
Panorama.am-ը պատգամավորներին տրամադրվող պարգևավճարների մասին հարցում էր ուղարկել Ֆինանսների նախարարություն, որտեղից հաստատել են, պատգամավորներին պարգևավճար սկսել է տրամադրվել 2019 թվականից։
«2019 թվականից սկսած հանրային իշխանության բոլոր մարմինների պահպանման ծախսերում պարգևատրման միջոցների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ միասնական սկզբունքը՝ յուրաքանչյուր մարմնի համար հաշվարկված տարեկան աշխատավարձի ֆոնդի 30%-ի չափով նախատեսվում է ընդամենը պարգևատրման գումարը, որի մեջ ներառվում է պետական ծառայողների պարգևատրման գումարը: Պետական ծառայողների պարգևատրման գումարը պետական բյուջեում նախատեսվում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով:
Վերը նշված սկզբունքով հաշվարկված ընդամենը պարգևատրման գումարի և պետական ծառայողների պարգևատրման գումարի տարբերության չափով միջոցներ են նախատեսվում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով, որի գծով հատկացված միջոցները կարող են օգտագործվել համապատասխան մարմնի բոլոր պաշտոնյաների և աշխատակիցների պարգևատրման համար»,- մասնավորապես ասված է ֆինանսների նախարարության տրամադրած պատասխանում։
Նաև նշվում է, որ «Հանրային ծառայության համակարգում 2004 թվականից սկսած օրենքով սահմանված կարգով հանրային իշխանության բոլոր մարմինների պահպանման ծախսերում նախատեսվում են պարգևատրման գումարներ՝ պետական ծառայողների պարգևատրման, իսկ 2019 թվականից սկսած՝ նաև մյուս պաշտոնյաների և աշխատակիցների պարգևատրման համար»։
Հարցին, թե ինչքա՞ն գումար է հատկացվել որպես պարգևավճար 6-րդ, 7-րդ, 8-րդ գումարման ԱԺ պատգամավորներին, նախարարությունից արձագանքել են.
«Ֆինանսների նախարարությունը ԱԺ պատգամավորներին և աշխատակազմի մյուս աշխատակիցներին վճարված պարգևատրման գումարների չափերի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում»։
Շուտով կսկեն հաջորդ տարվա պետական բյուջեի վերաբերյալ քննարկումները, Ֆինանսների նախարարությունից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ ինչքա՞ն գումար է նախատեսվում հատկացնել ԱԺ-ին՝ պատգամավորներին պարգևավճար տրամադրելու համար։
«Ներկայումս դեռևս ավարտված չեն ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները: ՀՀ պետական բյուջեով նախատեսվող պարգևատրման գումարների հաշվարկի համար, ինչպես նախորդ բյուջետային տարում, կիրառվում է միասնական մոտեցում. հաշվարկվում է յուրաքանչյուր մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30%-ի չափով (ներառյալ պետական ծառայողների պարգևատրումը)»,- պատասխանեցին նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանն իր պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին
- «Պատիվ ունեմ». Փոխանցված պարգևավճարները ուղղվելու են սոցիալական խնդիրների լուծմանը
- Վահե Հակոբյան. Պատգամավորներին պարգևավճարի տրամադրումը մեզ համար անթույլատրելի է ու անընդունելի
- «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Անկախության օրվա առիթով պատգամավորներին պարգևավճարներ բաժանելը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան