Ինչո՞ւ համար եք հրահրում, էս ձեր քեֆերը, հարսանիքները խի՞ եք անում․ որդեկորույս ծնողը՝ Նաիրի Սարգսյանին
44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներին, հարազատներին, որոնք հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելով կառավարությանը չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ միջոցառումը, մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Երբ նա մոտեցավ, ծնողները զայրացած հայտարարեցին․
«40 օր երեխեքը կռվել են, դուք իրանցից լավը չեք։ Մի թող, որ քեզ գործիք սարքեն։ Դուք գործիք եք, բոլորդ։ Սև համերգ կբերեմ գլխներիդ»,- ասաց որդեկորույս մայրը։
«Իմ մեջ է վառվում դա, կարող է և չդիմանամ։ Ոչ միայն ես, հարյուրները չեն դիմանա։ Դուք իրավունք չունեք մարդկանց զգացմունքների հետ խաղ անեք, տրակտոր քշեք իմ վրա»,- ասաց մեկ այլ ծնող, որի որդին անհետ կորած է։
«Մայրիկ ջան, վստահ եմ, որ դուք բովանդակությանը ծանոթանաք․․»,- Նաիրի Սարգսյանը դեռ չավարտած նախադասությունը, ծնողը կրկին ընդհատեց․ «Ի՞նչ բովանդակություն, ես այս երկրի քաղաքացին եմ։ Իմ տղան հայտնի հնչյունային ռեժիսոր է, աշխարհի բոլոր անկյուններից իրեն են հարցնում, ես ի՞նչ պատասխանեմ, ասեմ այստեղ երաժշտություն է միացե՞լ։ Դեռ չգիտեմ էլ տղաս որտեղ է, անհետ կորած է»։
Սարգսյանը փորձում էր բացատրել, թե ինչ տոնակատարության կամ միջոցառման մասին էին հայտարարել, սակայն ցավը դեռ կոկորդները խեղդող ծնողները չցանկացան լսել։
«Նույնիսկ սինֆոնիա լինի, դուք այդ իրավունքը չունեք։ Մենք էդքան խնդրեցինք, բայց դուք ձեր ասածն արեցիք, որովհետև ծրագիր ունեք։ Դուք պետք է խոնարհված ապրեք, ձեր գլուխը չբարձրացնեք, ոչ թե տոնակատարություն, ինչ-որ թուրքական երկաթի կտորներ հավաքեիք այստեղ։ Գոնե մեր երեխեքի տարին լրանար, գերիներին բերեիք»,- ասաց զինվոր կորցրած մայրը։
Պատերազմի ժամանակ որդի կորցրած մեկ այլ ծնող էլ նշեց. «Ինչն է ձեզ ստիպում նման բան անելո՞ւ, ես ձեր մտածելակերպն եմ ուզում հասկանամ։ Ինչո՞ւ համար եք հրահում, էս ձեր քեֆերը, հարսանիքները խի՞ եք անում։ Ընգեր Նաիրի ջան, խ՞ի եք անում։
Մոմավառությամբ երթ կազմակերպեք Եռաբլուր, մենք էլ կմիանայինք։ Դուք հայ եք, քրիստոնյա եք և ավանդույթների հետևող եք։ Եթե ձեր պապը մահանում է, մինչև տարին լրանալը դուք ինչ-որ քեֆ, հարսանիք արել ե՞ք, եթե արել եք, եկել սա էլ արեք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան