Շամիրամում միմյանց դեմ կպայքարեն գյուղապետն ու գյուղապետի տեղակալը
Արագածոտնի մարզի Շամիրամ եզդիաբնակ գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են համայնքապետ Մրազ Բրոյանն ու նրա տեղակալ Քյարամ Շարոյանը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ԿԸՀ-ից։
Նրանք երկուսն էլ անկուսակցական են և ինքնաառաջադրվել են։ Բրոյանը 23 տարի անընդմեջ եղել է ընտրովի մարմնում, ղեկավարել Շամիրամը` սկզբում որպես գյուղխորհրդի գործկոմի նախագահ, իսկ 1996 թվականից ի վեր` գյուղապետ։ Նախկինում եղել է ՀՀԿ-ական։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են նշանակված Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովա գյուղերում։ Այստեղ ընտրությունները կանցկացվեն մեծմասնական ընտրակարգով։
Այս համայնքներում թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն էր։ Թեկնածուների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 17-22-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։