Ուկրաինան Վրաստանին է փոխանցել Սաակաշվիլիի օրոք Պաշտպանության նախարարությունում աշխատած պաշտոնյային
Ուկրաինան Վրաստանին է հանձնել ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պետ Մեգիս Կարդավային, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր Միխայիլ Սաակաշվիլիի օրոք: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:
Ուրբաթ օրը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Կիևից Կարդավայի հետ հատուկ չվերթը կատարող ինքնաթիռը: Վրաստանի իշխանությունները Կարդավային փնտրում էին 2013 թվականից: Այս ընթացքում նրա նկատմամբ հեռակա կարգով մի քանի դատավճիռ է կայացվել:
Վրաստանի ռազմական ոստիկանության նախկին պետը մեղավոր է ճանաչվել 2006 թ. բանտային անհնազանդությունը ստորացուցիչ և անմարդկային ձևով ճնշելու համար և դատապարտվել 3 տարի 9 ամսվա ազատազրկման: Կարդավայի դեմ մեկ այլ դատավճիռ է կայացվել ապօրինի ազատազրկման և սեռական բռնության կազմակերպման համար՝ 2013 թվականին Զուգդիդի շրջանի Նարազենի գյուղի մոտ հողի մեջ թաղված տակառներում հայտնաբերված ձայնագրությունների դեպքում:
Դրա համար նա ստացել է ինը տարվա ազատազրկում: Նա դատապարտվել է ևս ինը տարվա ազատազրկման 2011 թվականին գնդապետ Սերգո Թետրաձեին խոշտանգելու համար:
Կարդավայի դեմ ևս 5 քրեական գործ կա դատարանում՝ պետական միջոցների յուրացման, քաղաքացիներ Էլդար Կոբալիային, Կոբա Մատկավին, Մերաբ Կոլբայային, Մալխազ Արկանիային և Էլբերդ Կոբերիձեին խոշտանգումների և ապօրինի ազատազրկման հանգամանքներով: Նա մեղադրվում է նաև Մոսկվայում վրացի գեներալ-մայոր Ռոման Դումբաձեի սպանությունը պատվիրելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա