Հայաստանի քարաքոսերն ու այն ուսումնասիրող գիտական խումբը
Արսեն Գասպարյանը Հայաստանի միակ քարաքոսաբանն է։ 2017-ին Բեռլինում դոկտորականը պաշտպանելուց հետո վերադարձել է Հայաստան։
Հիմա գիտնականի ղեկավարած ՀՀ ԳԱԱ Ա Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կազմում ստեղծված քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խումբը ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի գիտական խմբերի մեկնարկի դրամաշնորհի շրջանակում ուսումնասիրում է Հայաստանի քարաքոսներն ու սնկերը, դրանց բազմազանությունը, տարածվածությունը, կարգաբանությունն ու իրականացնում մոլեկուլային ֆիլոգենետիկ հետազոտություններ, տեսակների ԴՆԹ շտրիխ կոդավորում, ինչպես նաև կիրառական՝ նշանակությունը բժշկության մեջ, կենցաղում և այլն։
Աշխատանքները մեկնարկել են մեկ տարի առաջ, վերանորոգել են աշխատանքային տարածքը, ձեռք են բերել անհրաժեշտ կահույք, սարքավորումները։ Երկու տարի անց գիտական միջազգային պարբերականներում պետք է հրապարակեն հոդվածներ՝ ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները։
«Հիմա արդեն կարող ենք ասել, որ ոլորտ է զարգանում, քանի որ մինչ այս մենակ ես էի այդ ուղղությամբ հետաքրքրված, հիմա խմբում երեք երիտասարդ գիտնական կա։ Նախատեսում ենք նրանց թիվն ավելացնել»,- ասում է գիտնականը։
Դեռ 2011-ին Հայաստանում հայտնի էր քարքոսերի 422 տեսակ, իր և գործընկերների իրականացրած հետազոտությունների ավարտին այդ թիվը հասել է 627-ի։ Հայտնաբերված ավելի քան 200 նոր տեսակներից չորսը եղել են գիտության համար նոր տեսակներ։ Հիմա հետազոտողները փորձում են զարգացնել այս ուղղությունը, իրականացվող ուսումնասիրություններն ունեն ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն։
«ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետ համագործակցությամբ հիմա իրականացնում ենք աշխատանքներ քարաքոսերում առկա նյութերի մանրէասպան հատկությունները հետազոտելու նպատակով, որոնք կարող են կիրառվել բժշկության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում։ Քարաքոսերը քիչ հետազոտված օրգանիզմներ են: Նրանք պարունակում են ավելի քան երկու հազարից ավելի տարաբնույթ նյութեր»,- մանրամասնում է Արսեն Գասպարյանը։
Քարաքոսաբանը մի գաղտնիք է բացահայտում՝ քարաքոսերը շրջակա միջավայրի վիճակի՝ մաքրության կամ աղտոտվածության ցուցիչ են, որտեղ կա քարաքոսերի մեծ բազմազանություն, այնտեղ օդը մաքուր է։
«Երևանի բանուկ հատվածներում քարաքոսեր գրեթե չկան, քանի որ օդն աղտոտված է։ Իսկ օրինակ Դիլիջանը, որտեղ լավ են պահպանված անտառները, կլիման բարենպաստ է, քարքոսերի մեծ բազմազանություն ունեցող տարածքներից մեկն է Հայաստանում։ Մենք նաև այս ուղղությամբ էլ ենք պատրաստվում հետազոտություններ իրականացնել»,- ասում է նա։
Քարաքոսերն առանձնահատկություն ունեն՝ կարողացել են ողջ մնալ նույնիսկ տիեզերքում, աճում են քարերի, մետաղների, տանիքների և գրեթե ամենուր։
«Մի հետաքրքիր բան էլ ասեմ, քարաքոսերի շնորհիվ՝ չափելով նրանց աճի ամենամյա գործակիցը կարողանում ենք բացահայտել, թե օրինակ քանի՞ տարեկան է տվյալ քարը, օրինակ՝ խաչքարը, որի վրա նրանք աճում են։ Մի քանի տարի առաջ մենք ուսումնասիրություն կատարեցինք Զորաց քարերում, մոտ հիսուն տեսակ քարաքոսեր հայտնաբերեցինք, որոնցից մի քանիսը մեր երկրում հայտնի են միայն այդ վայրից։
Նա նշում է, որ համագործակցում են Բեռլինի բուսաբանական այգու և թանգարանի, Հայ սնկաբանների միջազգային կոնգրեսի և մի շարք այլ գիտահետազոտական կառույցների հետ: Նրանք պատրաստ են համագործակցել տեղական և արտասահմանյան գիտական խմբերի հետ, որոնք հետաքրքրված են ոլորտով։
Արդեն նախաձեռնել են համատեղ հետազոտություններ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ՝ ուսումնասիրելու քարաքոսերի որոշ տեսակների, որպես կենսացուցիչ օգտագործելու հնարավորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան