«Որդան կարմիր» արգելավայրն անտեր վիճակում է
Քաղաքացիներից մեկը «Panorama.am»-ի խմբագրությանն իր մտահոգությունն էր հայտնել՝ առ այն, որ տեղական կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերություններից մեկն օգտագործում է հայկական որդան կարմիր։
Խմբագրությունը հետաքրքրվեց ընկերությունից և ստացավ պատասխան․ «Ոչ, օգտագործվում են ոլորտում ընդունված և սերտիֆիկացված պիգմենտներ»։
Քաղաքացու անհանգստությունն ամեն դեպքում, դրդեց հետաքրքրվել կարծես մոռացության մատնված «Որդան կարմիր» արգելավայրի ճակատագրով, թե արդյոք հնարավոր է Հայաստանում եղած որդանի պաշարներից ներկ ստանալ։
Նշենք, որ արգելավայրը գտնվում է Արմավիրի մարզում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև։ Այստեղ պահպանության տակ են որդան կարմիրը և նրա հիմնական կերաբույսերը՝ աղադիմացկուն որդանխոտը և հարավային եղեգը։ Արգելավայրը նաև գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար է։ Հարկ է նշել, որ քչերը գիտեն արգելավայրի մասին, նույնիսկ տարածքի բնակիչների շրջանում իրազեկվածության խնդիր կա։
Panorama.am-ի հետ զրույցում Արազափի համայնքապետ Մանվել Հարությունյանն ասաց՝ ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա, արգելավայրը նույն վիճակում է։ ․
«Արգելավայրում ոչինչ չի փոխվել։ Նույն անտեր վիճակում է արգելավայրը, ոչ ցանկապատ կա, ոչ մի բան, ոչ էլ մարդ է գալիս։ Ոչ մի անգամ չենք տեսել, որ մարդ գա ՝ նույնիսկ գիտական նպատակներով»,- նշում է նա՝ հավելելով, որ տարածքը բարձիթողի վիճակում է։
Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք գյուղի եղջերավոր կենդանիները մտնում են արգելավայր, կամ որպես արոտավայր օգտագործվում է այն, համայնքապետն ասաց, որ ոչ՝ կենդանի չի մտնում։
Ինչևէ, արգելավայրին մոտ գտնվող Արգավանդ և Ալաշկերտ գյուղերի ղեկավարների հետ ևս զրուցեցինք։ Նրանք ընդհանրապես տեղյակ չէին արգելավայրի ներկա վիճակի մասին, ասացին՝ այդ ճանապարհով երկար ժամանակ չեն անցել։
էկոլոգ Գալուստ Նանյանն էլ մեզ հետ զրույցում նշում է՝ «Որդան կարմիր» արգելավայրի հիմնական խնդիրը ցանկապատի բացակայությունն է,
«Տասը տարի այս հարցը բարձրացրել եմ։ Հարակից համայնքների բնակիչները տարածքը դիտարկում են որպես արոտավայր։ Բնակիչների խոշոր եղջերավոր անասունները, ոչխարները արածում են այդ տարածքում՝ վնաս հասցնելով միջատին, հատկապես այս շրջանում։ Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը միջատը դուրս է գալիս հողի տակից մակերես՝ բեղմնավորման։ Իսկ այդ շրջանում խոշոր կենդանիները տրորում են հողը և վնասում միջատներին»,- ասում է Գալուստ Նանյանը։
Որդան կարմիրը բնության մեջ համարվում է կրիտիկական և ոչնչացման եզրին գտնվող տեսակ։ Այն գտնվում է ՀՀ կարմիր գրքում։
Ըստ մասնագետների՝ միջատի արեալը գնալով կրճատվում է։ Մեր հարցին, թե արդյոք ունենք այնքան քանակություն, որպեսզի օգտագործվի տնտեսության մեջ, ինչպես իր մտահոգություն էր հայտնել քաղաքացին, Գալուստ Նանյանը նկատում է՝ կարող են օգտագործել, սակայն դա օրենսդրական խախտում է։
«Արգելավայրը պահպանվող ռեժիմ ունի։ Սեպտեմբեր-հոկտեմբերին կարող են միայն հավաքել, երբ որդը դուրս է գալիս հողի վրա։ Եթե առանց նախարարության թույլտվության մտնում են պետական տարածք և հավաքում անհետացման եզրին գտնվող տեսակ, ապա դա հանցագործություն է։ Նշեմ, որ որդն այնքան փոքր է, որ ունելիով են հավաքում։ Այսինքն՝ պետք է բավականին մեծ քանակությամբ որդ լինի, որպեսզի կարողանան հավաքել և ներկ ստանալ, ինչը քիչ հավանական է։ Հաջորդը, եթե արտադրողը խաբում է սպառողին և զուտ «բրենդի» համար բաղադրության մեջ նշում է «որդան կարմիր», ապա այս դեպքում ևս օրենքի խախտում է, սպառողի իրավունքի խախտում։
Այսինքն՝ երկու դեպքում էլ հանցագործություն է տեղի ունենում՝ բնապահպանական կամ տնտեսական։ Կարծում եմ՝ բիզնեսը գովազդելու ձև է, որպեսզի ապրանքը սպառվի։ Այս պահի դրությամբ կարծում եմ այդ քանակի միջատ չկա, որպեսզի արտադրության մեջ օգտագործվի։ Օրինակ՝ 5000 հատ որդանից, մոտավորապես, կարող է ստացվել 10 կամ 100 գրամ ներկանյութ։ Որդանը կարող է միայն գիտական նպատակներով օգտագործվել»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ Խորհրդային տարիներին արգելավայրն ունեցել է ցանկապատ, սակայն հետո թալանել, տարել են և մինչ օրս Որդան կարմիր արգելավայրը մնացել է բարձիթողի վիճակում։
Հազարամյակներ շարունակ որդան կարմիրի միջատներից ստացել են ամբողջ աշխարհում հայտնի կարմիր ներկանյութը` որդան կարմիրը: Այն լայնորեն օգտագործվել է բժշկության, մանածագործության մեջ թելերի, մանվածքի ներկման, կտորների և գորգերի արտադրության մեջ , ինչպես նաև խոհանոցում:
Հայտնի է, որ արարատյան քոշենիլը՝ որդան կարմիրը եղել է այն գունաներկի բաղադրության մեջ, որով ներկված են Ալթայում հայտնաբերված մ.թ.ա V դարին դասվող հայտնի Պազիրիկ գորգի թելերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում