Ֆրանսիան ԱՄՆ-ից և Ավստրալիայից շտապ հետ է կանչում իր դեսպաններին
Ֆրանսիան շտապ խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպաններին ԱՄՆ-ից և Ավստրալիայից՝ ի պատասխան սեպտեմբերի 15-ին Բրիտանիայի հետ անվտանգության գործընկերության մասին այդ երկրների հայտարարությունների և Կանբերրայի՝ Փարիզի հետ սուզանավերի պայմանագրի խզելու պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով ես անհապաղ հետ կանչեցի ԱՄՆ-ում և Ավստրալիայում մեր դեսպաններին խորհրդակցությունների համար՝ պայմանավորված սեպտեմբերի 15-ին Ավստրալիայի և ԱՄՆ-ի հայտարարությունների բացառիկ լրջությամբ»,- Լե Դրիանի խոսքը մեջբերել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարը նշել է, որ խոսքը վերաբերում է Ավստրալիայի՝ ֆրանսիական օվկիանոսային դասի սուզանավերի մատակարարման պայմանագրից դուրս գալուն և դրա փոխարեն ԱՄՆ-ի հետ միջուկային էներգիայով սուզանավերի կառուցման նոր գործընկերությանը:
«Սա անընդունելի վարք է դաշնակիցների և գործընկերների միջև հարաբերություններում, դրա հետևանքներն ազդում են դաշինքների, գործընկերության և Եվրոպայի համար հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նշանակության վրա»,- ասել է նախարարը:
Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարեցին անվտանգության նոր գործընկերության`AUKUS-ի մասին: Պայմանագրի շրջանակներում, մասնավորապես, Ավստրալիան նախատեսում է օգտագործել ամերիկյան տեխնոլոգիաները առնվազն ութ միջուկային սուզանավերի կառուցման համար, որոնցից առաջինը կգործարկվի 2036 թվականին, ինչպես նաև իր զինված ուժերը զինել ամերիկյան թևավոր հրթիռներով: Դրա պատճառով Կանբերրան խզել է Ֆրանսիայի հետ իր պատմության մեջ ամենամեծ պաշտպանական պայմանագիրը: Փարիզում այս որոշումն արդեն անվանել են «մեջքից դանակահարում»:
Լե Դրիանը նախկինում հայտարարել էր, որ «պատմությունը գործընկերների փոփոխությամբ չի ավարտվել»: Նրա խոսքով՝ ավստրալական կողմը պետք է բացատրի, թե ինչպես է պատրաստվում դուրս գալ Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրերից: Ֆրանսիան, զգուշացրել է նաև, որ մտադիր է ավելի հաստատակամ լինել այս հարցում: Նա ընդգծել է, որ Փարիզը «հարցեր ունի նաև ԱՄՆ վարքագծի վերաբերյալ»:
Հինգշաբթի «Agence France-Presse»-ը հաղորդել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատունը չեղյալ է հայտարարել Չեսապիկի՝ Ամերիկայի հեղափոխական պատերազմի վճռական ճակատամարտի 250-ամյակին նվիրված տոնակատարությունները: New York Times-ն իր հերթին հայտնել է, որ միջոցառմանը մասնակցելու համար Վաշինգտոն ժամանած ֆրանսիական ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպան ժամանակից շուտ կվերադարձել է Փարիզ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան