Գեղամ Նազարյան. Հենց մենք պետք է լինենք այդ արարողության առաջին մասնակիցները
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հասարակական գործիչ Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում, անմահացած հերոսների ծնողներին կոչ է անում սեպտեմբերի 21-ին մասնակցել եկեղեցիներում կատարվելիք Հանրապետական մաղթանքին։
Նա գրում է.
«Հերոս տղերքի ծնողներ, կանայք, ընտանիքի անդամներ, մենք արդեն մեր վերաբերմունքը, թե հայտարարությամբ, թե բողոքի գործողությամբ արտահայտել ենք Հանրապետության հրապարակում նախատեսված մեծամասշտաբ շոուի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ այսքանից հետո էլ առավել գործուն միջոցներով կարելի էր հանրությանը, վարչախմբին հասցնել մեր վերաբերմունքը։
Հերոս տղերքի ծնողները, կանայք, դուստրերը, որդիները, ընտանիքի անդամները պետք է մշտապես գիտակցեն, թե ում ծնողն են, որդին եւ դուստրը, քույրը եւ եղբայրը։ Մենք չենք կարող լինել խեղճի կեցվածքով, խնդրողի կարգավիճակում։ Մենք մեր կարծիքն արդեն արտահայտել ենք եւ մնացածը համերգի կազմակերպիչների գործն է։
Հիմա տարբեր կարծիքներ կան, թե ինչպես պետք է նշենք Անկախության օրը։ Մշտապես հիշեք, որ մեր տղերքը չեն զոհվել բացառապես իրենց ընտանիքների համար, այլ առաջին հերթին մեր անկախ պետության համար։ Մենք՝ հերոս տղերքի ընտանիքի անդամներս ավելի պետք է գնահատենք եւ կարեւորենք Անկախության տոնը։
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։
Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել այս արարողությանը։ Անպայման մասնակցեք, մեր տղերքը դա ուզում են։ Հենց մենք պետք է լինենք այդ արարողության առաջին մասնակիցները։
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 21 ին երթով Եռաբլուր գնալուն, ապա հիշեք, որ ամեն տոն իր խորհուրդը ունի։ Եթե մենք 21 ին երթով շարժվելու ենք Եռաբլուր, ապա ո՞ւր ենք գնալու սեպտեմբերի 27 ին։
Առաջնորդանիստ եկեղեցիների գտնվելու վայրերը կցում եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր շատ հերոս տղաների մայրեր պատրաստվում են երեխա ունենալ, հենց այդպես է կյանքը շարունակվում, ոչ թե ռաբիս հրավառությամբ. Նազարյան
- Գեղամ Նազարյան. Եղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի
- Գեղամ Նազարյան. Նիկոլի պատասխանից հետո երկար ժամանակ ծանր հոգեվիճակի մեջ էի
- Գեղամ Նազարյան. Վարչախումբը պատրաատվում է տոնել թշնամու հաղթանակը