Երերույքի եզակի տաճարում առաջին անգամ բացօթյա դասական համերգ կանցկացվի
Երերույքի եզակի տաճարում սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00 Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում կանցկացվի «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։ Այն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ եզակի այս կառույցում կայանալիք միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։
Համերգային ծրագրում Բեթհովենի,Բրուքների, Լիստի, Կոմիտասի, Միրզոյանի, Ավանեսովի, Կոկժաևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են։ Նման մասշտաբի համերգ Երերույքում կայանում է առաջին անգամ։
Այս համերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավել դեպի այս բացառիկ կոթողը։
Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։
Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։
Երերույքի տաճարը՝ մասնագետների գնահատմամբ, վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները