Կյանքից հեռացել է ֆիզիկոս Էդվարդ Չուբարյանը
Սեպտեմբերի 17-ին կյանքից հեռացել է հանրահայտ ֆիզիկոս, ակադեմիկոս, ֆ․մ․գ․դ․ Էդվարդ Չուբարյանը։
ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտարանից հայտնում են, որ նա մեծ ներդրում է ունեցել թե՛ տեսական ֆիզիկայի և թե՛ աստղաֆիզիկայի բնագավառներում։
Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936թ-ի մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում։ Նա ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի բաժինը 1958թ-ին, որտեղ և գիտական աշխատանքին զուգահեռ դասավանդում էր սկսած 1965թ-ից։ Է․ Չուբարյանը 1973թ-ին ստացել է ֆիզմաթ. գիտությունների դոկտորի աստիճան, 1975թ-ին պրոֆեսորի, իսկ 1996թ-ին ակադեմիկոսի կոչում։ 1991-2006թթ. եղել է ԵՊՀ պրոռեկտոր, 2006 հունվար-ապրիլին՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, 2006-2013թթ․ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2013թ-ից մինչ օրս տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ։
Է․ Չուբարյանի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են գրավիտացիայի տեսությունը, գերխիտ նյութի տեսությունը, նեյտրոնային աստղերի և սպիտակ թզուկների կառուցվածքը, գրավիտացիայի այլընտրանքային տեսությունը, գնդաձև և առանցքահամաչափ բաշխված զանգվածների Այնշտայնի և երկչափ գրավիտացիոն տեսությունների խնդիրները։
Է․ Չուբարյանը բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, «Քվանտային մեխանիկա» դասագրքի համահեղինակ (1972թ․)։ Իր գործունեության ընթացքում նա արժանացել է բազմաթիվ պարգևների՝ ՀՍՍՀ Լենինյան Կոմերիտմիության մրցանակ «Առանցքահամաչափ դաշտերը Այնշտայնի գրավիտացիոն տեսությունում» աշխատանքի համար, Խաչատուր Աբովյանի մեդալ, ԵՊՀ-ի ոսկե մեդալ, Ֆ. Նանսենի մեդալ, ՀՀ Գիտության վաստակավոր գործչի կոչում։