Անկախության Աստվածամայր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«1991 թ. Հայաստանի Հանրապետության առաջին Ազգային հերոս երանաշնորհ Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ աստվածակառույց Սբ Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Սբ Սեղանին զետեղվում է նոր սրբապատկեր՝ հայաշունչ և ոգեղեն, որը վրձնել էր շնորհալի գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
Հայոց փոքրիկ երկիրն ալեկոծվում էր անկախության ապրումներով, տեսլականով ու հույսերով: Եվ այս անհանգիստ խաղաղության մեջ Հայոց Հայրապետը նորածաղկյալ պատկերը և նորօրհնյալ տաք Մյուռոնը հռչակում է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ և ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՌՈՆ:
Հայոց Եկեղեցին, որ առաքելավանդ իր սուրբ և ուղղափառ հավատքով դարեր շարունակ մաքառել է իր անկախության ու ազատության համար՝ այդպես պահելով նաև Ազգն ու Հայրենիքը, Սուրբ Էջմիածնի «Անկախության Աստվածամայր» պատկերով համայն հայությանը բերեց իր լիառատ օրհնությունն ու պատգամը՝ ամեն ինչից և ամենքից վեր դասել Հայրենիքը և ազգային պետականությունը, ճանաչել և գիտակցել Արարիչ Է-ի ժողովուրդ լինելու իրողությունը և այս հաղթական ու կեցուցիչ ճշմարտությամբ սիրով ու միաբան շարունակել Հայկյան առաքելությունը:
Ծունկ խոնարհենք ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ առջև և հայցենք նրա անլռելի բարեխոսությունն առ իր Միածին Որդին, որպեսզի Ամենազոր Աստված հաջողությամբ պսակի մեր ազգակերտ ու հայրենաշեն մտածումները, խոսքերն ու գործերը:
Հավիտենական Հայաստանը եղել է, կա և կլինի. ապրենք և արարենք այս հավատամքով, այս գիտակցությամբ և այս տեսիլքով»: