Փաստաբան Աթանեսյանը ՄԻԵԴ-ում հաղթել է ՀՀ-ին՝ հօգուտ ՀԺ-ի․ Հայաստանը կվճարի 9000 եվրո
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Դարեսկիզբ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։
Դարեսկիզբ ՍՊԸ-ն «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչն է։
ՄԻԵԴ-ը վճռով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 -րդ հոդվածի (արտահայտման ազատություն) և 6 րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) խախտում:
ՄԻԵԴ վճռում ասվում է, որ գործը վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրություններից հետո արտակարգ դրության ժամանակ պետական մարմինների գործողություններին, որոնց ընթացքում խոչընդոտվել է դիմումատու ընկերությանը իր թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի տպագրումը։ Այն վերաբերում էր նաև դրան հաջորդած դատական գործընթացներին:
Դատարանը մասնավորապես գտել է, որ հրապարակման սահմանափակումը այլ նպատակ չի ունեցել, քան սահմանափակել Կառավարության հասցեին քննադատությունը և, հետևաբար, դեմ էր ազատ արտահայտման իրավունքին, որը պաշտպանված է Կոնվենցիայով:
Դատարանը որոշել է որպես արդարացի բավարարում Հայաստանը դիմումատուին պետք է վճարի 9000 եվրո`ոչ նյութական վնասի համար:
Նշենք, որ վճռի հրապարակման հետ կապված գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հայտնելով, որ գանգատը ներկայացրել էր ինքը, իր նախաձեռնությամբ, նույնիսկ փոստային առաքումների համար վճարել էր իր գրպանից:
Եվրոպական դատարանի այսօր հրապարակած երկրորդ վճիռը «Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի» վճիռն է, որով Եվրոպական դատարանը գտել էր 11-րդ հոդվածի (հավաքների ազատություն) խախտում և որոշել, որ ՀՀ-ն դիմումատուին պետք է վճարի 1,500 եվրո՝ որպես արդարացի փոխհատուցում:
Դիմումատուն՝ Լեւոն Բարսեղյանը, ծնված 1967 թվականին, ապրում է Գյումրիում:
Գործը վերաբերում է ոստիկանությանը, որը թույլ չի տվել դիմումատուին բողոքի ակցիա անցկացնել Գյումրիի կենտրոնական թատրոնի հրապարակում 2008 թվականի մարտի 2-ին, ցուցարարների և իրավապահների բախումից հետո Երևանում արտակարգ դրություն հայտարարվելուց հաջորդ օրը: Դիմումատուն հրաժարվել է լքել տարածքը, նա ձերբակալվել էր և հետագայում տուգանվել վարչական վարույթում: